Երեխա ունենալ ցանկացող զոհվածների ծնողներին պետությունը մինչև 5.5 մլն դրամ կհատկացնի փոխնակ մոր և 600 հազար դրամ՝ դոնորների ծառայություններից օգտվելու համար - RadioVan.fm

Онлайн

Երեխա ունենալ ցանկացող զոհվածների ծնողներին պետությունը մինչև 5.5 մլն դրամ կհատկացնի փոխնակ մոր և 600 հազար դրամ՝ դոնորների ծառայություններից օգտվելու համար

2022-01-13 15:58 , Политика, 1670

Երեխա ունենալ ցանկացող զոհվածների ծնողներին պետությունը մինչև 5.5 մլն դրամ կհատկացնի փոխնակ մոր և 600 հազար դրամ՝ դոնորների ծառայություններից օգտվելու համար

ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների այն ծնողներն, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ, պետության կողմից փոխհատուցում կստանան` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր և դոնորի (դոնորների) ծառայություններից օգտվելու համար։ Նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։

Այսպիսով՝ վերոնշյալ ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ կիրականացվեն պետության կողմից, մասնավորապես՝

  • փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 %-ը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը,
  • դոնորական ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 %-ը, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նշում են, որ ներկայումս գործող կարգավորումներով՝ զոհված կամ մահացած զինծառայողների ծնողներին տրվում է հնարավորություն՝ օգտվելու անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության հնարավորությունից, որը սակայն ամբողջապես չի ներառում բոլոր հնարավոր ծախսերը, մասնավորապես՝ ներառված չէր փոխնակ մոր և դոնորական ծառայությունների համար սահմանված փոխհատուցման ծախսերը։

Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ այս պահին բազմաթիվ որդեկորույս ծնողներ որոշում են կայացրել զավակներ ունենալ, բայց քանի որ այդ ծառայություններն բավականին թանկ են՝ չեն կարողանում կայացնել այդ որոշումը:

«2021 թվականի ընթացքում աջակցության շնորհիվ մենք արդեն իսկ ունենք զոհվածների մայրերի 27 հղիություն, որոնք որ աստծո կամոք բարեհաջող կընթանան և կա նաև 35 դիմում, որոնք սպասում են աջակցության այս հատվածի ներառմանը»,-ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Лента

Рекомендуем посмотреть