Մեր տպավորությամբ՝ Թուրքիան նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Մեր տպավորությամբ՝ Թուրքիան նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

2022-01-13 20:06 , Политика, 1141

Մեր տպավորությամբ՝ Թուրքիան նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Որոնք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ. Պատասխանելով լրատվամիջոցի այս հարցին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասել է, որ Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։

«Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի»,-ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է նա:

Անդրադառնալով շրջանառվող կարծիքներին, թե, համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն, Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում՝ ՀՀ ԱԳՆ խոսնակն ասել է.

«Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում:

Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը»։

Лента

Рекомендуем посмотреть