Տիգրան Ավինյանն ընտրվել է պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Տիգրան Ավինյանն ընտրվել է պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

2022-01-21 18:54 , Образование, 362

Տիգրան Ավինյանն ընտրվել է պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այսօր կայացած «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»(ՀԱՊՀ) հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստում, որը բացել է Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միաձայն ընտրվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ:

ՀԱՊՀ-ից հայտնում են, որ նրա թեկնածությունն առաջադրել է Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը։ Պաշտոնի առաջադրումը պաշտպանել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։

ՀԱՊՀ-ից հիշեցնում են, որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Պոլիտեխնիկից ներկայացրել են նաև տեղեկություններ Տիգրան Ավինյանի մասին։

Ըստ այդմ՝ Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիսի 11-ից մինչև 2021թ․օգոստոսի 2-ը եղել է ՀՀ փոխվարչապետ: Տ․ Ավինյանն աշխատել է Զարգացման հայկական բանկում` որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: Նա հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: Տ.Ավինյանն աշխատել է «Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերությունում` որպես թվայնացման համակարգերի խորհրդատու, իրականացրել է թվայնացման ծրագրեր «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի համալիր): Նա ղեկավարել է նաև ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը: Տ.Ավինյանը եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից: Տ.Ավինյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում: Այնուհետև ավարտել է նույն համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում: Գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերիի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում: 2022 թվականի հունվարի 21-ին ընտրվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Лента

Рекомендуем посмотреть