Ճգնավորյանը երկու մեծ ստեղծագործություն նվիրել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին․ կոմպոզիտորը Հայաստանում է - RadioVan.fm

Онлайн

Ճգնավորյանը երկու մեծ ստեղծագործություն նվիրել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին․ կոմպոզիտորը Հայաստանում է

2022-01-25 15:56 , Культура, Шоу бизнес, 890

Ճգնավորյանը երկու մեծ ստեղծագործություն նվիրել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին․ կոմպոզիտորը Հայաստանում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 24-ին ընդունել է իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարարության փոխանցմամբ՝ ողջունելով մաեստրոյին Դումանյանն ասել է․

«Երաժշտական արվեստում Ձեր հեղինակած ժառանգությունն ու ավանդը անգնահատելի են բոլորիս համար: Ուրախ եմ հայրենիքում Ձեզ կրկին տեսնելու համար: Հույս ունեմ՝ կկարողանանք համատեղ ծրագրեր նախաձեռնել»։

Նախարարը հետաքրքրվել է կոմպոզիտորի գործունեությամբ, ընթացիկ աշխատանքներով:

«Աշխատանքը կյանքը քաղցրացնում է»,-ասել է մաեստրոն:

Նրա տեղեկացմամբ՝ վերջին 2 տարում հեղինակել է ավելի քան 40 գործ. երկու մեծ ստեղծագործություն նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, իսկ վերջին գործը ռեքվիեմ է՝ ի հիշատակ կորոնավիրուսի համաճարակի զոհերի: Լորիս Ճգնավորյանը նշել է, որ ամեն անգամ մեծ սիրով և սպասումով է գալիս Հայաստան. «Հայրենիքի հետ ինձ կապում են նաև ամենախենթ հիշողությունները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի մշակման և իրականացման, մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:

Վահրամ Դումանյանը կոմպոզիտորին հրավիրել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 25-ին կայանալիք «Հերոսներին. 44» խորագրով համերգին. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչելու է Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը: Համերգը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին:

Лента

Рекомендуем посмотреть