Նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին «դավադրության տեսությունները» - RadioVan.fm

Онлайн

Նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին «դավադրության տեսությունները»

2022-01-26 22:20 , Политика, 964

Նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին «դավադրության տեսությունները»

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ:

Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները:

Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»:

Հավելենք՝ երեկ ևս նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ Արմեն Սարգսյանը հրաժարականի հայտարարությամբ հանրության ուշադրությունն է հրավիրել պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:

«Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»,-նշել էին նախագահի աշխատակազմից:

Հավելենք՝ «Հետք» պարբերականի հրապարակման համաձայն՝ Արմեն Սարգսյանը ստիպված է հրաժարական տվել նախագահի պաշտոնից, քանի որ պարբերականի հետաքննությունը բացահայտել է, որ մինչև 2018-ին Հայաստանի նախագահ դառնալը Արմեն Սարգսյանը նաև այլ երկրի քաղաքացիություն է ունեցել: Այդ մասին հրապարակումը, ի դեպ, դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն։

Лента

Рекомендуем посмотреть