Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու՝ ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարվել է - RadioVan.fm

Онлайн

Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու՝ ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարվել է

2022-02-07 17:45 , Право, 1149

Դատավոր Բորիս Բախշիյանին  կալանավորելու՝ ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի (լիազորությունները կասեցված են) նկատմամբ կալանվորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննիչի միջնորոդությունը․ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև ազատությունից զրկելուն համաձայնություն էր տվել Բարձրագույն դատական խորհուրդը։

Բախշիյանը, նշենք, մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար։

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալներից Ն․Մ․-ն դեռևս նախաքննության ընթացքում տվել է խոստովանական և մյուս ամբաստանյալներին մերկացնող ցուցմունք և հայտնել, որ իրեն փորձել են համոզել փոխել տված ցուցմունքները։

Նշված գործը վարույթ ընդունելուց և դատական քննության նշանակելուց հետո, բացելով առաջին դատական նիստը, դատավոր Բախշիյանը պարզել է, որ դատական նիստին չեն ներկայացել 7 ամբաստանյալներից երկուսը, այդ թվում՝ Ն․Մ-ն և վերջիններիս պաշտպանները։ Ն․Մ-ի պաշտպանը գրությամբ դատարանին հայտնել է, որ չի ներկայացել այլ գործով անհետաձգելի գործողության մասնակցելու պատճառով և այդ մասին նախապես հայտնել է Ն․Մ-ին, ով չի ցանկացել առանց իր պաշտպանի ներկա գտնվել դատական նիստին։

«Նման պայմաններում, երբ ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ դատական նիստ շարունակելը եղել է անթույլատրելի և ամբաստանյալ ՆՄ-ի բացակայությունը փաստացի պայմանավորված է եղել դատական վարույթին բացառապես իր պաշտպանի հետ մասնակցելու ցանկությամբ, դատավոր Բորիս Բախշիյանը դատական նիստը շարունակել է հենց բացառապես ՆՄ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննարկելու համար: Լսելով կողմերի դիրքորոշումներն այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան և ՆՄ-ի խափանման միջոցի հարցը նրա և նրա պաշտպանի այդպիսի պատճառաբանությամբ բացակայության պայմաններում քննարկելը խախտում է կողմերի մրցակցությունը, զենքերի հավասարությունը, Ն. Մ.-ի՝ լսված լինելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքը՝ դատավորը որոշում է կայացրել Ն. Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և նրան կալանավորելու մասին»,-պարզաբանել էին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հավելենք՝ Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ մտահոգություն է հայտնել Հայաստանի դատավորների միությունը՝ ահազանգելով դատական իշխանության անկախության վտանգված լինելու մասին։ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն էլ, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, ակնկալում են վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում։

Лента

Рекомендуем посмотреть