«Քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»․ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը չեն մասնակցի - RadioVan.fm

Онлайн

«Քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»․ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը չեն մասնակցի

2022-02-11 21:35 , Политика, 766

«Քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»․ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը չեն մասնակցի

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել 44-օրյա պատերազմի հարցերով իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Ընդդիմադիր խմբակցությունների տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Հայտնի է, որ իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։

Հարկ է նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է։ Նշվածն, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն հանգամանքով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ Դրա անհնարինության ապացույցն է նաեւ իշխանության եւ նրա ուղղակի ցուցումները կատարող ու գործադիր իշխանության մաս կազմող իրավապահ մարմինների` մեկ միասնական դիրքորոշմամբ հանդես գալը։

Չնայած այս պարզ ճշմարտությանը՝ իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում։

Հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։

Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Միաժամանակ հայտնում ենք, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը»։

Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին ԱԺ են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը հայտնեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть