«Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993-ից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը»․ ԱԺ փոխնախագահ - RadioVan.fm

Онлайн

«Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993-ից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը»․ ԱԺ փոխնախագահ

2022-02-24 13:52 , Политика, 980

«Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993-ից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը»․ ԱԺ փոխնախագահ

Փետրվարի 24-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հանդես է եկել բացման խոսքով:

«Հարգելի' համանախագահներ,

Հարգելի' տիկին դեսպան,

Հարգելի' գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ ձեզ Երևանում` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք քննարկել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության ներկա վիճակին, Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային այլ հարցեր:

Ցանկանում եմ նշել, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարևոր ուղղություններից մեկը:

Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերն արդի միջազգային հարաբերություններում, մենք մշտապես պատրաստ ենք երկխոսություն ծավալել մեր եվրոպացի գործընկերների հետ խորհրդարանական տարբեր ձևաչափերում` տարածաշրջանային խնդիրներ քննարկելու և դրանց լուծումներին աջակցելու համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպական միության հետ արդեն իսկ գոյություն ունեցող սերտ գործընկերության խորացմանն ուղղված ընդհանուր օրակարգի հաստատմանը, ինչն էլ, վստահաբար, կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2021 թվականի մարտի 1-ից գործողության մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացել ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության նոր ծրագրեր իրականացնելու համար: Կուզենայի մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների իրականացմանը:

Անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացմամբ մենք վերահաստատեցինք ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի իշխանություններն առաջնահերթ են համարում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովման և ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության ուղղությամբ:

Հարգելի գործընկերներ,

Նախորդ տարվա իրադարձությունները նոր իրականություն են ստեղծելմեր տարածաշրջանում և դրանից դուրս: 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն անդառնալի եղան մեզ համար: Այսօր մեր առջև կանգնած են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է, կայունությունը` փխրուն: Առավել վտանգավոր զարգացում է հանդիսանում ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է 2021 թվականի մայիսի 12-ից: Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել տարածաշրջանային անվտանգությունը:

Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք, այդ թվում`Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցմանը և Ադրբեջանի կողմից սահմաններում հրահրող հետագա սրացումներին: Մեր խորին համոզմամբ, ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների հաստատմանը, ինչպես նաև խաղաղության մթնոլորտին:

Այս առումով կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի անդամներին` 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար: Կուզենայի առանձնահատուկ անդրադառնալ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևի համար, որով Եվրոպական խորհրդարանը պահանջում է հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների, ռազմական և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը:

2021թ. մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության արդյունքներով հաստատվեց նաև Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որում Եվրոպական միությունը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալ ցանկացած տեսակի հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու հանձնառությունը: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ունեցած բացասական դերին: Հաշվետու զեկույցներում ԵՄ կողմը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության չճանաչումը և ցեղասպանության ժխտումը բերում են նոր ցեղասպանությունների և պատերազմների:

Հարգելի գործընկերներ,

Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը, դրանց խախտումների հետևանքների վերացումը, այդ թվում` անվերապահորեն հրադադարի ռեժիմի պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար:

Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը: Մենք կողմնակից ենք և ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով և գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության:

Կուզենայի ձեզ տեղեկացնել, որ իմ գործընկեր, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հունվարի 14-ին հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ: Այսօր, Վիեննայում տեղի կունենա բանագնացների երկրորդ հանդիպումը: Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993 թվականից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը:

Մենք պատրաստակամ ենք համագործակցության կամուրջներ ունենալ ինչպես հարևան երկրների, այնպես էլ տարբեր ձևաչափերում գործող միջազգային կազմակերպությունների հետ` ի նպաստ մեր երկրի զարգացման ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման: Վստահ եմ, որ Եվրոպական միությունն այն կառույցն է, որն իր առաքելությամբ կաջակցի այդ խաղաղության ու կայունության հաստատմանը, իսկ մենք` խորհրդարանականներս, կօգտագործենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր լծակները մեր տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման և հարգման ուղղությամբ:

Եվս մեկ անգամ ողջունում եմ գործընկերներին Հայաստանում և մաղթում արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն»,-Ազգային ժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Лента

Рекомендуем посмотреть