«Գնահատեք ձեր առողջությունը և անվճար հետազոտվեք». քաղաքացիներին հորդորում է նախարարությունը - RadioVan.fm

Онлайн

«Գնահատեք ձեր առողջությունը և անվճար հետազոտվեք». քաղաքացիներին հորդորում է նախարարությունը

2017-12-22 22:43 , Медицина, здоровье, 2315

«Գնահատեք ձեր առողջությունը և անվճար հետազոտվեք». քաղաքացիներին հորդորում է նախարարությունը

Ոչ վարակիչ հիվանդությունների` զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման, կանխարգելման և վերահսկման նպատակով 2015թ. սկզբից ՀՀ Առողջապահության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և դրամաշնորհով, իրականացնում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինինգային ծրագիրը:

Անվճար սկրինինգային հետազոտություններն իրականացվում են Հայաստանի ամբողջ տարածքում, տեղամասային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում: 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվել զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` ՊԱՊ թեստի հետազոտության միջոցով արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ռիսկային խմբերում գտնվող բնակչությանը և հատկապես` կանանց, գնահատել սեփական առողջությունը, օգտվել ընձեռված հնարավորությունից, այցելել պոլիկլինիկաներ և անվճար հետազոտվել։

Առողջապահական գերատեսչությունից նշում են, որ 2015 թվականի հունվարից բնակչության նշված խմբերում իրականացվել է շուրջ 1.5մլն սկրինինգային հետազոտություն: Ընդ որում, շուրջ 675 հազար քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ, շուրջ 444 հազար քաղաքացի` արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն, ՊԱՊ թեստի հետազոտություն իրականացվել է շուրջ 165 հազար կանանց մոտ, ինչպես նաև հղիության 36-38 շաբաթական ժամկետում` շուրջ 43 հազար մեզի և արյան երրորդ հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть