«Եթե թույլ տանք, որ Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանությունն ավարտին հասցվի, ապա հաջորդը լինելու է Հայաստանը». իրավապաշտպանը միասնականության կոչ է անում - RadioVan.fm

Онлайн

«Եթե թույլ տանք, որ Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանությունն ավարտին հասցվի, ապա հաջորդը լինելու է Հայաստանը». իրավապաշտպանը միասնականության կոչ է անում

2022-03-31 23:58 , Общество, 763

«Եթե թույլ տանք, որ Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանությունն ավարտին հասցվի, ապա հաջորդը լինելու է Հայաստանը». իրավապաշտպանը միասնականության կոչ է անում

«Վիճակն ավելի ողբերգական է, քան կարելի է պատկերացնել»,-Արցախում տիրող վիճակն այսպես գնահատեց իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցն, ով այսօր մի շարք քաղաքացիների հետ ՄԱԿ-ի գրասենյակի առջև էր՝ իր ձայնը բարձրացնելու ընդդեմ արցախահայերի նկատմամբ Ադրբեջանի հետևողական սադրանքների:

Երկար տարիներ մարդու իրավուքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանն ընդգծում է՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում միջազգային կառույցների դերի վերաբերյալ իր ունեցած պատկերացումներն այսօր փոխվել են:

«Ոչ բոլորի համար են միջազգային կառույցները, նրանք գործում են ըստ նպատակահարմարության, կամ քաղաքական նախասիրությունների, սկզբունքորեն չեն ուզում տեսնել ողբերգությունը, որին բախվել ենք և կարող ենք բախվել մոտակա ժամանակ: Առանձին դեպքերում կարողանում են ճնշում գործադրել, կանխել ֆաշիստական գործողությունները, իսկ Հայաստանի համար բոլոր դռները փակ են»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ դա մեր իշխանությունների անհասկանալի վարքագծի հետևանք է:

«Չես հասկանում՝ կան, չկան, մենք երաշխավո՞ր ենք, թե այլևս՝ չենք, ի՞նչ ենք ուզում անել մեր իշխանությունների գործողությունները միֆական են, անհասկանալի, իսկ ամեն հաջորդ օրը բերում է ավելի մեծ լարվածության»,-իր կարծիքը հիմնավորեց Կարապետյանցը՝ խնդրի լուծումը տեսնելով ժողովրդի միասնականության մեջ:

«Հանրությունը պետք է հասկանա, որ Արցախի հայությունը դա մենք ենք, դա օտարը չի: Եթե թույլ տանք, որ Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանությունն ավարտին հասցվի, ապա հաջորդը լինելու է Հայաստանը: Մենք մի անգամ վերապրել ենք ցեղասպանության անտրամաբանական ու չարդարացված դիրքորոշումը՝ «ես չեմ խառնվի, ինձ ձեռք չեն տա», էդպես չի լինում՝ դու չես խառնվի, հաջորդը դու ես լինելու ու քո համար ոչ մեկ չի խառնվելու»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայտնել էինք, որ այսօր ի պաշտպանություն արցախահայերի՝ Երևանում բողոքի ակցիա էին կազմակերպել Ադրբեջանից հայ փախստականները, Արցախից բռնի տեղահանվածները, մտահոգ քաղաքացիներ։ Նրանք միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրեցին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) իրականացվող ցեղասպան քաղաքականությանը՝ կոչ անելով գործի դնել էթնիկ զտումը կագնեցնելուն ուղղված առկա մեխանիզմները։

Բողոքի դուրս եկած Հադրութից տեղահանված 70-ամյա Վովա Ավետիսյանն էլ, անդրադառնալով Ասկերանի շրջանում վերջին օրերի զարգացումներին, ասաց.

«Ուզում են էնտեղից ղարաբաղցիներին հանեն, բայց չի ստացվելու, ղարաբաղցին պինդ եղել է, պինդ էլ մնալու է, որ պետք լինի, ես 70 տարեկան մարդ եմ, գնալու եմ կռիվ անեմ, մենք մեր հողը բաց չենք թողնի»:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть