«Վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը». ընդդիմադիրները բարձրաձայնեցին «կարմիր գծեր»-ի և պայքարի ուղենիշների մասին - RadioVan.fm

Онлайн

«Վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը». ընդդիմադիրները բարձրաձայնեցին «կարմիր գծեր»-ի և պայքարի ուղենիշների մասին

2022-04-05 19:56 , Политика, 1135

«Վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը». ընդդիմադիրները բարձրաձայնեցին «կարմիր գծեր»-ի և պայքարի ուղենիշների մասին

Երևանի Ազատության հրապարակում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաքին պատգամավոր Աննա Մկրտչյանը ընթերցեց բանաձև-հայտարարություն, որով, նշվեց, սահմանվում է համազգային օրակարգի հիմնարար սկզբունքները, «կարմիր գծեր»-ը, համաժողովրդական պահանջի էությունը, որը լինելու է ընդդիմադիրների նախաձեռնած պայքարի ուղենիշը:

Բանաձև-հայտարարությունում նշվում է.

«Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր գաղափարաբանական և քաղաքական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը։ Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020–ի նոյեմբերի 9–ի դրությամբ դիրքերին:

Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս,հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետևյալ հիմնարար սկզբունքներով.

-հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով,

- բացառելԱրցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,

- բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը,

- քայլեր ձեռնարկել 1994 թ. ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձևաչափով և նպատակներով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ,

- բացառել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը,

- Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում և սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց,

- չստորագրել Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը,

- Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով և ապահովել դրա իրականացումը։ Այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառմամբ իրական, արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն։

Ներկայացված սկզբունքների չիրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով և եղանակներով։

Սույն հայտարարությունը բաց է ներկայացված օրակարգը կիսող անհատների, հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների համար:

Ազատության հրապարակ

Ապրիլի 5, 2022թ.»:

Лента

Рекомендуем посмотреть