Ապրիլյոթյան հուշ-ցերեկույթ Բաբաջանյանում՝ մի փոքր սպեղանի հերոսածին մայրերի չապաքինված վերքերին - RadioVan.fm

Онлайн

Ապրիլյոթյան հուշ-ցերեկույթ Բաբաջանյանում՝ մի փոքր սպեղանի հերոսածին մայրերի չապաքինված վերքերին  

2022-04-07 16:24 , Общество, 1382

Ապրիլյոթյան հուշ-ցերեկույթ Բաբաջանյանում՝ մի փոքր սպեղանի հերոսածին մայրերի չապաքինված վերքերին

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր․ ներկաներին մեկ հարկի տակ էր միավորել «Ավարայրից դեպի Արցախ» խորագրով հուշ-ցերեկույթը, որը Մայրության օրվա և զոհված հերոսների հիշատակին կազմակերպել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ Դպրոցական ֆիլհարմոնիայի հետ համատեղ։

Միջոցառման հատուկ հյուրերը հերոսածին մայրերն էին, որոնց զավակները, հանուն Հայրենիքի լինելիության, անմահացել են Արցախյան պատերազմներում։

«Սիրասուն մայրեր, ցանկանում ենք մի փոքր սպեղանի դնել ձեր չապաքինված վերքերին և ընդմիշտ հիշել մեր հերոս զավակներին, որոնք դարձան հավերժի ճամփորդ՝ զոհելով իրենց երիտասարդ կյանքը այսօրվա մեր ազատ, անկախ ու ապահով բարօրության համար»,-դիմելով նրանց՝ ասաց հաղորդավարը։

Մայրերին իր առանձնահատուկ նվերը մատուցեց 2020-ի 44-օրյա պատերազմում ավագ որդուն՝ Վարդան Ամալյանին կորցրած երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը, որի «Շնորհակալ եմ» կատարումով էլ մեկնարկեց միջոցառումը։

Միջոցառմանը, որի ընթացքում էկրանից հանդիսատեսին էին ներկայացվում մեր առյուծասիրտ հերոս զավակների լուսանկարները, կատարումներով հանդես եկան նաև Արսեն Ղամբարյանը, Մեգերլյոս Ամիրխանյանը, Հարություն Չքորյանը, «Երևանի պետական կամերային երգչախումբ»-ը։

Հուշ-ցերեկույթն ասմունքով համեմեց իր գիտելիքների շնորհիվ քանիցս Հայաստանի «Դյուցազնագրքում» գրանցված, բազմաթիվ պարգևների ու մեդալների արժանացած Երևանի թիվ 39 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Միքայել Հակոբյանը։

Զինվորական երդման տեքստի հնչեցումից հետո փոքրիկները երդվեցին հարկ եղած պահին՝ շարունակել իրենց ավագ եղբայրների հայրենապաշտպան առաքելությունը։

«Սիրելի հերոսածին մայրեր, մազ անգամ կասկած չունենաք, որ մեր եղբայրների արյունով պաշտպանված Հայրենիքը մենք նույնպես հերոսաբար կպաշտպանեք բոլոր տեսակի նենգ թշնամիներից»,-բարձրաձայնեց Միքայելը՝ ծնկի իջնելով հանդիսատեսի առաջ։

Հույզերի փոթորիկ էր դահլիճում՝ մերթ արցունքներ, մերթ՝ ժպիտ էր հադիսատեսի աչքերում ու դեմքին։ Իսկ հերոսածին մայրերին տոնի առիթով փոքրիկների ձեռքերով նվիրված վարդերը գունավորեցին դահլիճն ու ջերմությամբ լցրին ներկաների հոգիները։

Ի դեպ այսօր շնորհալի Միքայելի ծննդյանը օրն է։ 8 տարեկանը բոլորած փոքրիկն իր կյանքի կարևոր օրը նվիրեց զոհված հայորդիների մայրերին, կանանց ու քույրերին։

Միջոցառմանը տիրող տրամադրությունները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть