Հայկական ավանդական համով-հոտով «Ղափամա»-ն՝ Հայաստանում ապաստանած կանանց ձեռքերով - RadioVan.fm

Онлайн

Հայկական ավանդական համով-հոտով «Ղափամա»-ն՝ Հայաստանում ապաստանած կանանց ձեռքերով  

2022-04-12 20:51 , Общество, 1880

Հայկական ավանդական համով-հոտով «Ղափամա»-ն՝ Հայաստանում ապաստանած կանանց ձեռքերով

Սուրբ Հարության՝ Զատիկի տոնին ընդառաջ, որն այս տարի հայ առաքելական եկեղեցին տոնելու է ապրիլի 17-ին, Սիրիայից, Արցախից, Իրաքից և Ուկրաինայից տեղահանված և Հայաստանում ապաստանած կանանցից շուրջ 2 տասնյակի համար հայկական ավանդական կերակրատեսակի՝ «Ղափամա»-ի պատրաստման վարպետության դաս էր կազմակերպվել։

Նախաձեռնությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գործակալությանը (ՄԱԿ ՓԳՀ) և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանն էր (ԲՀԿ)։

Ինչպես որ հայկական ավանդույթն է, երբ այս յուրահատուկ ուտեստը պատրաստել են ողջ ընտանիքով, այնպես էլ այսօր՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում, տարբեր մշակույթների ներկայացուցիչ կանայք միասնական ուժերով՝ խոհարարի համակարգմամբ, լծվեցին ծիսական ղափամայի պատրաստման գործին:

Դդում, բրինձ, չրեղեն, ընկուզեղեն, դարչին, մեղր ու յուղ. այս բաղադրիչները ներառող հայկական ավանդական կերակրատեսակն, ըստ լեգենդի, պատրաստվել է ցանկությամբ, որ աշխարհում բարություն և խաղաղություն լինի:

Երկրագունդը խորհրդանշող դդումը կանայք իրենց ձեռքերով լցոնեցին համայն մարդկությունը խորհրդանշող բրնձով, տարբեր հավատքներն ու ազգությունները խորհրդանշող չրեղենով, համեմեցին քաղցրահամ մեղրով ու դարչինով, պատեցին յուղով ու տեղադրեցին ջեռոցում՝ եփվելու:

Ղափամայի պատրաստման ընթացքը՝ տեսանյութում:

Մինչ ուտեստը կեփվեր՝ ներկաները մասնակիցը դարձան գունեղ, երգերով ու խաղիկներով լի Սուրբ Զատիկի ծիսակատարությանը, որից հետո ջերմ մթնոլորտում վայելեցին «համով հոտով, մեղրը մեջը ղափաման»:

Հավելենք՝ վարպետության դասը կազմակերպվել էր յուրահատուկ կրթամշակութային կենտրոն հանդիսացող «Մամիկ» հյուրատանը, որի խոհարար տիկին Նունեն էլ ներկաներին ծանոթացրեց հայկական ավանդական այդ ուտեստի պատրաստման նրբություններին:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть