«Անչափահասներին բերման ենթարկելիս ոչ միշտ է կիրառվում երեխայակենտրոն մոտեցում»․ ՄԻՊ-ը՝ 7 անչափահասի, այդ թվում՝ 13-ամյա Արային ոստիկանություն տանելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Անչափահասներին բերման ենթարկելիս ոչ միշտ է կիրառվում երեխայակենտրոն մոտեցում»․ ՄԻՊ-ը՝ 7 անչափահասի, այդ թվում՝ 13-ամյա Արային ոստիկանություն տանելու մասին

2022-04-29 17:06 , Право, 486

«Անչափահասներին բերման ենթարկելիս ոչ միշտ է կիրառվում երեխայակենտրոն մոտեցում»․ ՄԻՊ-ը՝ 7 անչափահասի, այդ թվում՝ 13-ամյա Արային ոստիկանություն տանելու մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի արագ արձագանքման խմբերն հանրապետությունում անցկացվող բողոքի ակցիաների շրջանակում բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ ահազանգերի հետքերով շարունակում են այցեր իրականացնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մի շարք ստորաբաժանումներ, մասնավորապես՝ Կենտրոնի, Արաբկիրի, էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Շենգավիթի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ։

ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված թվով 35 անձանց հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:

Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել թվով 7 անչափահաս անձինք, որոնցից մեկը՝ 13 տարեկան:

«Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից: Վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել, և նա Ոստիկանության բաժնից ազատ է արձակվել»,-նշում են ՄԻՊ աշխատակազմից՝ հավելելով, որ արձանագրվել է նաև, որ ոստիկանության ծառայողները երեխաներին, որոշ դեպքերում ծառայողական ավտոմեքենաներ են նստեցրել անհամաչափ ուժի գործադրմամբ, իսկ որոշների պնդմամբ՝ նաև ֆիզիկական ցավ պատճառելով:

Հիշեցնենք՝ 13-ամյա Արան կարմիրբերետավորների կողմից ուժի անհարկի կիրառմամբ ոստիկանության ավտոմեքենա էր «մտցվել» «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ նախօրեին Երևանի Աբովյան փողոցը փակելու ժամանակ։

Նախաձեռնության անդամները, նշենք, այս օրերին Արցախի դրոշներ են տեղադրում բուհերում՝ հայտարարելով, որ դա խորհրդանիշն է նրա, որ համաձայն չեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու իշխանության մտադրության հետ։

13-ամյա տղան այնուհետ, պատմելով դեպքի մասին՝ ընդգծել էր․

«Ծիծաղելին այն էր, որ ես անչափահաս եմ՝ իրավունք չունեին ինձ բերման ենթարկելու։ Ընկերներս կողքից գոռում էին, որ անչափահաս եմ, բայց չէին լսում։ Նստեցրին ոստիկանական ավտոբուսը։ Նրանք հենց մոտեցան, միանգամից բռնեցին ոտքերիցս, քարշ տալով շպրտեցին ոստիկանական մեքենան։ Ես պատկերացնում էի, որ Նիկոլը վախկոտ է, բայց որ 13 տարեկան տղայից կվախենա․․․ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որ կարող է այդպես վախենալ»։

Ի դեպ, ՄԻՊ աշխատակազմից նշում են, որ, թեև ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված առանձնազրույցներին մասնակցած երեխաները գտնվել են կայուն հուզական վիճակում, այնուամենայնիվ, արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության բաժիններում ոչ միշտ է հասանելի եղել երեխաների հուզական կայուն վիճակի ապահովման պայմաններ։

«Մինչդեռ, պետության պոզիտիվ պարտավորությունները և միջազգային չափորոշիչները պահանջում են, որ իրավապահ մարմինների հետ շփվելիս երեխայի համար ապահովված լինի երեխայակենտրոն միջավայր՝ բացառելու ոստիկանական գործողության ցանկացած բացասական ազդեցությունը անչափահասի իրավունքների իրացման վրա։

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մշտադիտարկումները վկայում են նաև, որ անչափահասներին ոստիկանության բաժիններ տեղափոխելիս ոչ միշտ է կիրառվում տարբերակված, մասնավորապես, երեխայակենտրոն մոտեցում, ինչի հետևանքով արձանագրվում եներեխայի լավագույն շահի խախտման դեպքեր:

Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ երեխային առնչվող բոլոր հարցերում սկզբունքային նշանակություն ունի նրա լավագույն շահի ընկալումը իրավապահ մարմինների կողմից՝ որպես բացարձակ արժեք:

Այցերի և մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների պահանջով Պաշտպանը գրություններ կհասցեագրի իրավասու պետական մարմիններին»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть