«Ժողովրդավարությունն անամպ չէ, որովհետև բախվում ենք երկու խումբ խնդիրների»․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Ժողովրդավարությունն անամպ չէ, որովհետև բախվում ենք երկու խումբ խնդիրների»․ Փաշինյան

2022-05-20 19:22 , Политика, 933

«Ժողովրդավարությունն անամպ չէ, որովհետև բախվում ենք երկու խումբ խնդիրների»․ Փաշինյան

«Ինչքան էլ մենք խոսենք մեր ժողովրդավարության մասին, պետք է արձանագրենք, որ մեր ժողովրդավարությունն անամպ չէ, որովհետև բախվում ենք երկու խումբ խնդիրների: Առաջին խումբ խնդիրների հետ բախվում են աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները: Այդ խնդիրը հետևյալն է՝ ժողովրդավարության օգտագործումն ընդդեմ ժողովրդավարության: Գիտեք, որ այսօր աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներն այս մարտահրավերի հետ առնչվում են: Դա այն երևույթն է, երբ ժողովրդավարական սկզբունքներն օգտագործվում ենք ժողովրդավարությունը ոչնչացնելու համար: Եվ այս ճանապարհին մենք պետք է արձանագրենք մեր ռազմավարությունը՝ ինչպես պետք է հաղթահարենք այս մարտահրավերը: Եվ իմ մեծագույն համոզմունքն է, որ այս մարտահարվերը հաղթահարելու լավագույն ձևը ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է և պետական ինստիտուտների ժողովրդավարացումը բառիս բոլորիս հայտնի իմասներով՝ պետական ինստիտուտների գործունեությունը պրոֆեսիոնալիզմի, օրինականանության, թափանցիկության և հաշվետվողականության հիման վրա»,-«Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր մեր մեծագույն մարտահրավերներից մեկը դատական համակարգն է։

«Բարեփոխումների հարցում առաջընթաց չունենալու համար այս դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ մեզ քննադատում են: Մենք համարում ենք, որ այդ քննադատությունն օբյետիվ է, արդարացված է, չնայած երևի թե, մենք էլ ենք մեզ քննադատում, բայց մյուս կողմից էլ մենք երևի ավելի խորը գիտենք խնդիրները, որոնց հետ առնչվում ենք: Երևի մեզ քննադատող մեր գործընկերների մի մասը գուցե նույնքան խորը գիտի, բայց միևնույն է, դա արդարացում չեն համարում, մյուս մասն այնքան էլ խորը չգիտի, և միևնույն է դա էլ արդարացում չեն համարում: Բայց մենք, իհարկե, վճռական ենք այս ճանապարհով գնալու իմաստով և պիտի հետևողական լինենք նաև այս առումով»,-ընդգծել է Փաշինյանը։

«2021 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային զեկույցների մեջ ընտրական ավտորիտարիզմից անցում է կատարել դեպի ընտրական ժողովրդավարություն: Սա կարևորագույն փոփոխություն է: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության երկրորդ կամ առաջին լիգայից անցում է կատարել դեպի ժողովրդավարության բարձրագույն լիգա:

Հաջորդը՝ մամուլի ազատության ցուցիչն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից ի վեր շատ մեծ առաջընթաց է գրանցում, և այդ առաջընթացը շարունակվելու է: Մամուլի ազատությունը շատ կարևոր է հենց ժողովրդավարական երկրի քաղաքացուն՝ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն մատակարարելու առումով: Բայց պետք է նաև հոգ տանենք, և այս պրոբլեմի հետ նույնպես բախվում են բազմաթիվ ժողովրդավարական երկրներ, որ կարողանանք մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը զարգացնել այն աստիճան, որ նրանք ի վիճակի լինեն առանց վարչական լրացուցիչ գործոնների, սուտ տեղեկատվությունը տարբերել իրական տեղեկատվությունից: Այստեղ էլ քաղաքական խնդիր ունենք և անպայման պիտի լուծենք այդ խնդիրը: Լրատվամիջոցների իրական շահառուների, իրական սեփականատերերի ինստիտուտը պետք է կայանա, որպեսզի մարդիկ իմանան, թե որտեղից է բխում տեղեկատվությունը, և ինչ նպատակ դա կարող է ունենալ: Ընդ որում՝ խոսքը կարող է լինել և՛ իշխանության, և՛ ընդդիմության մասին: Խնդիրն այն է, որ քաղաքացին պետք է հնարավորինս լավ տեղեկացված լինի, թե որ աղբյուրից է սնվում:

Երրորդ հանգամանքը, որ ուզում եմ առանձնահատուկ նշել, վերաբերում է բանտային բնակչության խտությանը, որը կարծում եմ, իրականում, մեծ ուշադրության չի արժանանում, բայց երկրի բնույթի և էության մասին շատ բան է ասում: 2021 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունը բանտային բնակչության խտության առումով զիջում է միայն մեկ եվրոպական երկրի, և այդ եվրոպական երկիրը Մոնակոն է: Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև, կարծում եմ, ցուցիչ է: Նաև ձեզ հայտնի հանգամանքների բերումով փորձ է արվում ներկայացնել, թե ժողովրդավարական ճանապարհով իշխանության հասած քաղաքական թիմը Հայաստանի Հանրապետությունում փորձում է հաստատել բռնապետություն, փորձում է քաղաքական բռնաճնշումներ իրականացնել: Կարծում եմ՝ բանտային բնակչության խտության ցուցանիշն ինքն իր մասին խոսում է, որովհետև բռնապետության ձգտող երկրներում բանտային բնակչությունը խտանում է և ոչ թե նոսրանում, բանտերի թիվը շատանում է և ոչ թե պակասում: Հետևաբար՝ ուզում եմ նաև ասել, որ մենք այս ընթացքում երկու քրեակատարողական հիմնարկ ենք փակել երկու պատճառով: Առաջինը, որ այդ քրեակատարողական հիմնարկների անհրաժեշտությունը չկա և երկրորդը՝ այդ քրեակատարողական հիմնարկները չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք ուզում ենք ունենալ: Իհարկե, մյուսները նույնպես չեն համապատասխանում, բայց, ցավոք, գոնե այսօր չենք կարող բոլորը փակել: Ինչպես մեր Արդարադատության նախարարն է ձևակերպում, խնդիր է դրել, որ մենք Հայաստանում ունենանք երազանքի քրեակատարողական հիմնակ: Իհարկե, տարօրինակ է հնչում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ բացահայտում է մեր մտքերի ընթացքը:

Ուզում եմ ավարտել իմ ելույթը մի բառակապակցությամբ, որն էքսպրոմտով վերջերս ծնվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ կեցցե հայկական ժողովրդավարությունը»,-ասել է նա։

Վարչապետի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին հայ պաշտոնյաներից, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներից բացի ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Նշենք՝ ֆորումին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բակում բողոքի ակցիա էր անցկացնում «Դիմադրություն» շարժումը։ Շարժման մասնակիցները սուլոցներով, «ամոթ» վանկարկումներով են դիմավորել համաժողովի մասնակից վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Лента

Рекомендуем посмотреть