«Փախչում են պատգամավորների հետ հանդիպումից»․ «Դիմադրություն»-ը ակցիաներ է արել, դիրքորոշումներ չպարզելով՝ վերադարձել Ֆրանսիայի հրապարակ - RadioVan.fm

Онлайн

«Փախչում են պատգամավորների հետ հանդիպումից»․ «Դիմադրություն»-ը ակցիաներ է արել, դիրքորոշումներ չպարզելով՝ վերադարձել Ֆրանսիայի հրապարակ

2022-05-31 17:23 , Политика, 765

«Փախչում են պատգամավորների հետ հանդիպումից»․ «Դիմադրություն»-ը ակցիաներ է արել, դիրքորոշումներ չպարզելով՝ վերադարձել Ֆրանսիայի հրապարակ

ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող ու օրեր առաջ «ջրբաժան» հայտարարած «Դիմադրության» շարժման նախաձեռնողներն ու համակիրներն այսօր վերսկսկել են բողոքի գործողությունները։

Նրանք Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի ոստիկանական մեծաթիվ ուժերով շրջապատված նախարարական շենքեր՝ հանդիպելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ), կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ), արդարադատության նախարարների հետ։ Պարզվել է, որ ԲՏԱ և արդարադատության նախարարները տեղում չեն, իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զբաղված է։

«Արձանագրում ենք, որ այս շենքում գտնվող նախարարությունների ղեկավարները որևէ բացատրություն չունեն այն փաստաթղթի հետ կապված, որը մենք ներկայացրել ենք ժողովրդի կողմից։ Երկրորդը՝ վախենում, խուսափում ու փախչում են պատգամավորների հետ հանդիպումից: Երրորդը՝ իրենք իրենց աշխատանքային օրն սկսում և ավարտում են ոստիկանական վահանների հետևում: Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ կառավարության անդամները պարզապես փախած են»,-հայտարարել է Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը:

Երթի մասնակիցներն, այնուհետ, շարժվել են Ռադիոտուն, Երևանի պետական համալսարան, սակայն ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպել չի հաջողվել։ Հավաքվածները երթով վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ։

Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր, որ ժողովուրդը սահմանել է պահանջներ, որի վերաբերյալ բոլոր գերատեսչությունների, հասարակական կառույցների դիրքորոշումը պարզելու համար գնալու են դռնեդուռ։

Ընդդիմադիրների հրապարակած փաստաթղթում ամրագրված են հետևյալ կետերը․

  • Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
  • Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
  • Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
  • Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
  • Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
  • Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
  • Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
  • Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:

«Ժողովուրդն ունի իր օրակարգը։ Ժողովուրդը պայքարել և արյուն է թափել այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մինչ հունիսի 3-ը մենք կպարզենք՝ ով է այս օրակարգին կողմ և ով՝ դեմ։ Ով է մեր ժողովրդի հետ և ով՝ դեմ։ Հունիսի 3-ին ջրբաժան է»,-«Համահայկական դիմադրության» հանրահավաքին հայտարարել էր դաշնակցական Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ հինգ օր ժամանակ ունեն ամբողջական պատկերը ստանալու։

«Նորից եմ ասում՝ հունիսի 3-ը ջրբաժան է։ Ունենք վճռական հինգ օր, ամսի 3-ին ժամը 16։00-ին մենք լինելու ենք խորհրդարանում»,-ասել էր նա։

Ըստ այդմ՝ «Դիմադրության» շարժման մասնակիցները երեկ Կառավարական 3-րդ մասնաշենքի առջև էին՝ «հանդիպելու այդ շենքում աշխատողների հետ և ճշտելու նրանց դիրքորոշումը ժողովրդի օրակարգի վերաբերյալ»։

Արդյունքում, որևէ հանդիպում չէր կայացել, իսկ այսօր Քննչական կոմիտեն հայտնել է, որ քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների կողմից Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, 8 անձ այս պահի դրությամբ ձերբակալված է։

Лента

Рекомендуем посмотреть