Դատախազությունը միջնորդել է ամուսնության նպատակով կնոջ առևանգելու համար ազատազրկվածին դրական վարքագծի համար բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխել - RadioVan.fm

Онлайн

Դատախազությունը միջնորդել է ամուսնության նպատակով կնոջ առևանգելու համար ազատազրկվածին դրական վարքագծի համար բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխել

2022-06-02 17:40 , Право, 897

Դատախազությունը միջնորդել է ամուսնության նպատակով կնոջ առևանգելու համար ազատազրկվածին դրական վարքագծի համար բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխել

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ շարունակվում են օրենսդրության պահանջներին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (ԱՆ ՔԿՀ) պահվող անձանց վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանության ուսումնասիրությունները:

Նշվում է, որ այդ շրջանակում ստուգվել է նաև ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Գ. Գևորգյանին պատիժը կատարելու համար մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը մերժելու մասին ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 10-ի որոշման օրինականությունը:

«Արդյունքում՝ պարզվել է, որ 2020թ. հունիսի 23-ից ամուսնության նպատակով կնոջ առևանգելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Գ. Գևորգյանը պատիժը կատարելու համար տեղաբաշխվել է «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց ուղղիչ հիմնարկ և կրել պատժի մեկ երրորդից ավելին: 2022թ. հունվարի 20-ին նա դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն կիսաբաց ուղղիչ հիմնարկից տեղափոխել բաց ուղղիչ հիմնարկ, ինչի հիման վրա ՔԿՀ պետը միջնորդագրով դիմել է Տեղաբաշխման հանձնաժողովին:

Տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 10-ի որոշմամբ, սակայն,խնդրանքը մերժվել է այն հիմնավորմամբ, որ պատիժը կրելու ընթացքում վերջինս բավարար մասնակցություն չի ունեցել վերասոցիալականացման աշխատանքներին: Հանձնաժողովը հաշվի է առել նրա չաշխատելու հանգամանքը և գտել, որ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը դեռևս նպատակահարմար չէ:

Ուսումնասիրելով Տեղաբաշխման հանձնաժողովի մերժման որոշումը, նյութերը և դատապարտյալի անձնական գործը՝դատախազությունը գտել է, որ այն հակասում է գործող օրենսդրությանը: Մասնավորապես՝ հանձնաժողովը պատշաճ գնահատական չի տվել դատապարտյալի անձին՝ նախկինում դատապարտված և արատավորված չլինելու հանգամանքներին: Բացի այդ, պատիժը կրելը սկսվելուց գրեթե մեկ ամիս անց նրա մոտ նկատվել է վարքագծի դրական տեղաշարժ, որը կրել է շարունակական բնույթ. նա ընդգրկվել է ՔԿՀ-ում իրականացված համակարգչային հմտությունների, բիզնես գրագիտության, դեկորատիվ կիրառական արվեստի դասընթացներին և ստացել հավաստագիր,մասնակցել է ՔԿՀ-ում անցկացված շախմատի, շաշկիի, սեղանի թենիսի, բիլիարդի առաջնություններին, ընդգրկվել մարզական ինքնագործ միավորման կազմում:

Բացի այդ, ՔԿՀ-ն ևս տվել է դրական բնութագիր՝ արձանագրելով, որ Գ. Գ.-ն դրսևորում է դրական վարքագիծ, նրա ուղղման գործընթացում առկա է դրական դինամիկա, կատարած հանցագործության համար զղջում է, ընդունում է մեղքը, պատիժը կրելու ընթացքում բացասական (ռիսկային) հաշվառումների չի վերցվել:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատախազությունը որոշմամբ միջնորդել է տեղաբաշխման հանձնաժողովին վերանայել Գ. Գևորգյանին պատիժը կատարելու համար բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը մերժելու մասին իր որոշումը։

Չնայած տեղաբաշխման հանձնաժողովն այս տարվա ապրիլի 22-ի որոշմամբ մերժել է միջնորդությունը, սակայն Գլխավոր դատախազությունը հանձնաժողովին կրկին համանման միջնորդություն է ներկայացրել»,-ասված է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть