67 տարեկանում մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը - RadioVan.fm

Онлайн

67 տարեկանում մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

2022-06-08 14:00 , Общество, 1055

67 տարեկանում մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

67 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) 13 տարի ղեկավարած ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը: Նա մահացել է սրտի կաթվածից:

Արամ Սիմոնյանը ծնվել էր 1955 թվականի ապրիլի 12-ին Գորիսում:

Անվանի գիտնականը ծավալել է հասարակական-գիտական լայն գործունեություն՝ նպաստելով հայագիտության զարգացմանը: Արամ Սիմոնյանը պատմագետ էր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ: Նա հեղինակել է 85 գիտական աշխատանք, որոնցից 4-ը մենագրություն են: Գիտական աշխատություններում մանրամասնորեն ուսումնասիրել է հայ ժողովրդի՝ XIX դարի երկրորդ կեսի և XX դարասկզբի պատմության հիմնահարցերը, Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրները:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների:

ԵՊՀ-ից նշում են, որ մեծ է եղել Արամ Սիմոնյանի վաստակը Երևանի պետական համալսարանի զարգացման գործում․ 2006-2019 թվականների ընթացքում Արամ Սիմոնյանը, լինելով ԵՊՀ ռեկտոր, հիմք է դրել մի շարք երկրների գիտակրթական կենտրոնների հետ համալսարանի համագործակցությանը: Նա մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների, բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ:

Անդառնալի կորստի համար Երևանի պետական համալսարանը ցավակցում է Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ մաղթելով համբերություն ու տոկունություն:

Համաձայն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ հունիսի 8-ի 109/11-Ա հրամանի՝ Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Лента

Рекомендуем посмотреть