ՀՀ խորհրդարանն այսօր միաձայն՝ 94 կողմ ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Խմբակցությունն առաջարկում է խաղատներ մուտքը թույլատրել միայն անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։
«Գործող օրենքով մինչև 21 տարեկանները իրավունք չունեն խաղատուն մտնել, բայց որևէ ընթացակարգ չկա, որ տարածքը որևէ մեկի կողմից հսկվում է»,-նախօրեին նախագծի քննարկմանը նշել էր հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հաջորդ առաջարկությունը վերաբերում է մոլի խաղացողների մուտքը խաղատներ սահմանափակելուն։ Առաջարկվում է մոլի խաղերով հրապուրվելու պատճառով սահմանափակ գործունակ դարձած անձի՝ խաղատուն այցելելու հնարավորությունները սահմանափակել, ինչպես նաև արգելել դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց մուտքը խաղատուն։