Սպան հատկացված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո․ ԱԺ-ն քննարկել է օրինագիծը - RadioVan.fm

Онлайн

Սպան հատկացված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո․ ԱԺ-ն քննարկել է օրինագիծը

2022-07-06 17:47 , Политика, 663

Սպան հատկացված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո․ ԱԺ-ն քննարկել է օրինագիծը

2022 թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն ծառայողական բնակարաններ:

20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին տրամադրվելու է անհատույց սեփականության իրավունքով:

Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվելու է նրա ընտանիքի անդամներին:

Գործընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանել 20 տարի:

Առաջարկող կարգով բնակարան ստացած զինծառայողների վրա չեն տարածվելու ծառայության ընթացքում արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկավորման և զոհված, մահացած կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակառու ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների համար նախատեսված բնակարանային ապահովության կարգերը:

Ազգային ժողովի (ԱԺ) հուլիսի 6-ի արտահերթ նստաշրջանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները ներկայացնելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ զինծառայողը Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը սահմանված է 28.5 մլն դրամ: 2026 թ. ուսումնառությունն ավարտելուց հետո վերջինս կստանա բնակարան և կտնօրինի մինչև ծառայության ավարտը՝ բացառությամբ այն վաճառելու իրավունքի: Սպան սեփականության իրավունք կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո: Նախարարը տեղեկացրել է, որ սպան կարող է նաև բնակարանը հանձնել վարձակալության՝ հաշվի առնելով Երևանում և մարզերում վարձակալության գների տարբերությունը:

Պատգամավորների հարցադրումներն առնչվել են բնակարանների ձեռքբերման կարգին, արտերկրում զինվորական ծառայություն ստացած և մեր երկրում ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողների՝ այս կարգից օգտվելու հնարավորությանը, օրենքի հետադարձ ուժ ունենալուն և այլն:

Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, որ առաջիկայում Կառավարությունը կքննարկի բնակարանների ձեռքբերման կարգը և ձևը: Նախարարը տեղեկացրել է, որ բնակարանների տրամադրման այս կարգը կվերաբերի նաև գործընկեր երկրների ռազմական ուսումնական հաստատություններում ուսանած երիտասարդներին: Այդ երկրների հետ մեր պետությունը համագործակցում է: Օրենքի հետադարձ ուժ ունենալու մասով նախարարը տեղեկացրել է, որ մյուս զինծառայողների համար գործում է այլ կարգ: Կառավարությունն արտոնյալ պայմաններ է սահմանել զինվորական ծառայություն անցնող սպաների համար: Վերջիններս բավականին մատչելի տարբերակով օգտվում են հիպոտեկային վարկավորումից: Բանկերը նրանց տրամադրում են 7 տոկոս տոկոսադրույքով վարկ, որի 3 տոկոսը սուբսիդավորում է Կառավարությունը: Գործադիրը վճարում է նաև բնակարանի արժեքի 10 տոկոս կանխավճարը: Կառավարությունն այդ նպատակով տարեկան 500 տեղ է հատկացնում: Ներկայացնելով արտոնյալ կարգավիճակ ունեցող զիծառայողներին՝ նախարարը նշել է, որ այդ շարքում են նախկինում հերթագրված ու բնակարանի սպասող սպաները և 2-րդ, 3-րդ ու 4-րդ կուրսերում սովորող ուսանողները: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ սպա դառնալուն պես վերջիններս կարող են հայտ ներկայացնել և առանց վիճակահանության մասնակցել վերոնշյալ ծրագրին:

Հարակից զեկույցում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը կարծիք է հայտնել, որ Կառավարության առաջնահերթություններից է սպաների բնակարանային ապահովման խնդիրը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունում վերոնշյալ նախագծի ընդունման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ «սա բնակարան ստանալու ծրագիր չէ, սպա դառնալու ծրագիր է»։

Лента

Рекомендуем посмотреть