Բաքվի բանտում ՀՀ-ի «լրտեսներին» բժշկելիս՝ չեն անզգայացնում. Լապշին - RadioVan.fm

Онлайн

Բաքվի բանտում ՀՀ-ի «լրտեսներին» բժշկելիս՝ չեն անզգայացնում. Լապշին

2018-01-26 16:40 , Общество, 1798

Բաքվի բանտում ՀՀ-ի «լրտեսներին» բժշկելիս՝ չեն անզգայացնում. Լապշին

Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտվել էր, սակայն ավելի ուշ ազատություն ստացել, ադրբեջանական Turan TV հեռուստաալիքի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում պատմել է Բաքվի բանտում անցկացրած օրերի մասին, մասնավորապես, անդրադարձել բժիշկների կողմից ցուցաբերված վերաբերմունքին:

«Ընդհանուր առմամբ՝ բժշկական սպասարկումը տանելի էր. փա՛ռք Աստծո, ի տարբերություն այլ դատապարտյալների՝ լուրջ հիվանդություն այդ ընթացքում չունեցա: Ես ունեի ատամների հետ կապված խնդիր. հավանաբար վատ սնվելու պատճառով դրանք սկսեցին փչանալ: Ինձ տարան ատամնաբույժի մոտ, ատամներս բուժեցին՝ առանց անզգայացնելու»,-պատմել է Լապշինը՝ նշելով, որ բժիշկը ծիծաղելով բացատրել է, որ Հայաստանի համար լրտեսություն անողներին անզգայացում չի հասնում:

«Դա շատ ցավալի ու տհաճ էր, մանավանդ, որ ես ոչ մի լրտես էլ չեմ, և նման թեմաներով կատակները համարում եմ ոչ տեղին» - ասել է բլոգերը՝ հիշելով նաև, որ բանտում եղած ժամանակ հարևան բանտախցերի կալանավորները պարբերաբար իրեն անվանել են «հայերի մարմնավաճառ» և սպառնացել հաշիվներ մաքրել նրա հետ:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Հիշեցնենք, Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող 40-ամյա բլոգերին, ով հայտնի է զբոսաշրջային այցերով և դրանց մասին իր գրառումներով, ադրբեջանական իշխանությունների պահանջով ձերբակալեցին 2016թ. դեկտեմբերի 15-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: 2017-ի հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման՝ մեղադրվելով Ադրբեջանի պետական սահմանը ապօրինաբար հատելու մեջ: Նույն թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած կարգադրությամբ բլոգերին ներում շնորհվեց:

Лента

Рекомендуем посмотреть