Онлайн

Օտարերկրացիներին ապօրինաբար Իրան և Թուրքիա տեղափոխող հանցավոր խումբ է բացահայտվել. ԱԱԾ

2018-01-26 18:09 , Право, 383

Օտարերկրացիներին ապօրինաբար Իրան և Թուրքիա տեղափոխող հանցավոր խումբ է բացահայտվել. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրապետություն:

ԱԱԾ-ից հայտնում են, որ, մասնավորապես, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանական սահմանի Մեղրիի հատվածում Իրաքի 1, Ուզբեկստանի 1 և Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դեպք։

Անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, դեպքերի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու արդյունքում պարզվել է, որ դրանք կազմակերպել են ԻԻՀ-ում և ԹՀ-ում բնակվող նույն անձինք։ Վերջիններիս ուղղորդմամբ օտարերկրյա քաղաքացիները ժամանել են Հայաստան, այնուհետև տաքսի ծառայություններ մատուցող ազգությամբ հայ վարորդները, հիմնականում գիշերային ուշ ժամերին, նրանց տեղափոխել են անմիջապես հայ-իրանական սահմանագծի մոտ՝ կազմակերպիչների կողմից նախապես մատնանշված վայր։ Այնուհետև հանցավոր խմբի անդամներից մեկը, կտրելով պետական սահմանի ինժեներատեխնիկական կառույցների փշալարերը, սահմանախախտներին ուղեկցել է Իրանի տարածք՝ Թուրքիա տեղափոխելու համար։

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 3-ի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 3-ի նկատմամբ` հայտարարվել հետախուզում։

«Հակաօրինական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու, միաժամանակ Հայաստանի տարածքն անդրազգային հանցավոր խմբավորումների կողմից որպես տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորությունը բացառելու նպատակով օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումները շարունակվել են, որոնց շնորհիվ 2017 թվականի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Թուրքիայից արտաքսված և անօրինական ճանապարհով նույն երկիր վերադառնալու ցանկություն ունեցող Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Եմենի քաղաքացիների նոր խմբերի` Հայաստան ժամանելու մասին»,-հայտնում են ԱԱԾ-ից ՝ նշելով, որ անհապաղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 22-ին և 26-ին, 2018 թվականի հունվարի 15-ին և 19-ին հիշյալ օտարերկրացիների կողմից հայ-իրանական սահմանը հատելու փորձերը կանխվել են։

Տվյալ դեպքերով նույնպես փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օտարերկրացիների տարանցման կազմակերպիչները Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության վերը նշված նույն քաղաքացիներն են։

Վերջիններիս ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անձեռնմխելիության նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունները կանխելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակվել է հատուկ միջոցառումների ծրագիր. տեղեկանալով կազմակերպիչների կողմից հերթական օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող և Ինտերպոլի գծով հետախուզվող ԻԻՀ քաղաքացու ապօրինի սահմանահատման նախապատրաստական գործողությունների և պետական սահմանի ապօրինի հատման նախանշված վայրի մասին, իրանական կողմից սահմանախախտին դիմավորող անձին հենց հանցանքի կատարման վայրում բռնելու նպատակով դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները և ձերբակալել իրանական կողմից պետական սահմանն ապօրինի հատած՝ անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող ԻԻՀ քաղաքացուն։

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում վերը նշված դեպքի առթիվ քննվող քրեական գործով արդեն իսկ 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 4-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Անօրինական միգրացիայի կազմակերպիչների ու նրանց հանցակիցների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հնարավոր այլ ուղիները պարզելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են, ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Лента

Рекомендуем посмотреть