Համալիրում հանդիսավոր արարողությամբ զագսավորվելու համարը զույգերը նախկին 60 հազարի փոխարեն կվճարեն 40 հազար դրամ - RadioVan.fm

Онлайн

Համալիրում հանդիսավոր արարողությամբ զագսավորվելու համարը զույգերը նախկին 60 հազարի փոխարեն կվճարեն 40 հազար դրամ

2022-07-26 14:20 , Общество, 820

Համալիրում հանդիսավոր արարողությամբ զագսավորվելու համարը զույգերը նախկին 60 հազարի փոխարեն կվճարեն 40 հազար դրամ

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ ամուսնության պետական գրանցման, արարողության հանդիսավոր կերպով կազմակերպման համար անհրաժեշտ պետական վճարների սակագներն էականորեն նվազել են։

Նախարարությունը, հիշեցնենք, նախորդ տարվանից Հայաստանում ամուսնությունը գրանցել ցանկացող բոլոր անձանց համար հանդիսավոր պայմաններ է առաջարկում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում:

«Որպեսզի բոլոր ամուսնացող զույգերը հնարավորություն ունենան օգտվել հանդիսավոր արարողությունից՝ այսուհետ համալիրում հանդիսավոր արարողություն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 20.000 դրամ՝ գրանցման համար և 20.000 դրամ՝ որպես մուտքավճար: Նախկինում այս ծառայությունների համար զույգերը վճարում էին 60.000 դրամ:

Ամուսնության գրանցման համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Արդարադատության նախարարության քաղաքացիների սպասարկման միասնական գրասենյակ՝ հասցե Վազգեն Սարգսյան 3 կամ տարածքային սպասարկման կենտրոններ:

Հայաստանում ամուսնություն կարող են գրանցել ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլև օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք:

Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ամուսնությունը գրանցելու համար անհրաժեշտ է վերջինիս մշտական բնակության երկրի իրավասու մարմնի կողմից տրված՝ ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:

Ամուսնության գրանցման դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան վեց ամիսը:

Ամուսնության գրանցման դիմում հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով: Տվյալ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ամուսնացող անձի կողմից լրացված՝ ամուսնության դիմումի ձևանմուշի տեղեկությունները պարունակող դիմում, որը հաստատված կլինի նոտարական կարգով»,-ասված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть