Կալանավորվել է Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար մեղադրվող ՊԲ նախկին հրամանատարը - RadioVan.fm

Онлайн

Կալանավորվել է Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար մեղադրվող ՊԲ նախկին հրամանատարը

2022-09-01 15:05 , Право, 1008

Կալանավորվել է Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար մեղադրվող ՊԲ նախկին հրամանատարը

Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվել է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ ընդգծելով, որ դատարանի կողմից նման որոշումը սպասելի է եղել իրենց համար:

Հիշեցնենք՝ Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։ Քննչական կոմիտեից մանրամասնել են, որ գեներալ-լեյտենանտը, մասնավորաբար, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը չի ապահովել ու չի վերահսկել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, չի դրսևորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման անընդհատությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը և այլն:

Ըստ հաղորդագրության, Արզումանյանը չի հանձնարարել զորք տեղակայել Շուշիի պաշտպանական բնագծի չպահվող հատվածում այն դեպքում, երբ իր ենթակայության տակ ունեցել է համապատասխան ներուժը, այդ թվում 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։

Իրավապահների պնդմամբ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Արզումանյանի ստորագրությամբ օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացվել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին արդեն հաջողվել էր ներթափանցել Շուշի։

Հիշեցնենք՝ Միքայել Արզումանյանը Պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորված Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ազատվել էր պաշտոնից։ Գեներալ-լեյտենանտ Արզումանյանն այդ պաշտոնում աշխատել է գրեթե մեկ տարի, ազատվելով պաշտոնից՝ նա նշանակվել էր Արցախի նախագահի խորհրդական։ Արզումանյանը ձերբակալվել էր երկու օր առաջ, երեկ ազատ արձակվել՝ ձերբակալման ժամկետը լրանալու հիմքով:

Նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել:

Лента

Рекомендуем посмотреть