Բողոքի երթ՝ ի պաշտպանություն Սիրիայի քրդերի - RadioVan.fm

Онлайн

Բողոքի երթ՝ ի պաշտպանություն Սիրիայի քրդերի  

2018-02-02 16:21 , Общество, 1901

Բողոքի երթ՝ ի պաշտպանություն Սիրիայի քրդերի

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր ի պաշտպանություն սիրիական Աֆրինում ապրող քրդերի, ովքեր այս օրերին հրետակոծվում են թուրքական զինուժի կողմից, Երևանում բողոքի երթ են անցկացրել:

«Կեցցե Աբդուլլահ Օջալանը», «Էրդողան՝ տեռորիստ»՝ այս վանկարկումներով բողոքի երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակ՝ կոչ անելով միջազգային այդ կառույցին դատապարտել Թուրքիայի գործողությունները և վերջ տալ քրդերի ցեղասպանությանը:

«Թուրքական պետությունը տեսնելով, որ իսլամիստները պարտություն են կրում Սիրիայում, մասնավորապես, քրդական վայրերում, այսօր արդեն իր զինված ուժերով՝ ահաբեկիչների հետ համագործակցությամբ, հարձակվում է Սիրիայի Աֆրին կոչվող քրդաբնակ քաղաքի վրա:

Թուրքական զինված ուժերը ինքնաթիռներով ռմբակոծում են Աֆրինը և նրա շրջակա գյուղերի խաղաղ բնակչությանը՝ արգելված զինատեսակներով և այս հարձակումը կատարվում է ռուսական կողմի համաձայնությամբ, ՆԱՏՕ-ի զիված ուժերի զինամթերքով և ՄԱԿ-ի լռությամբ, ինչը նպաստում է խաղաղ բնակչության ոչնչացմանը:

Աֆրին քաղաքի բնակչությունն արդեն 14 օր է կենաց ու մահի կռիվ է տալիս մարդկության հանդեպ կատարվող այս անմարդկային երևույթի դեմ: Լռությունը՝ խաղաղ բնակչության և անմեղ մարդկության ոչնչացմանը նպաստելու միջոց է:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, աշխարհի բոլոր պետություններին դատապարտել Թուրքիայի կողմից քրդերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը»,-ասված է Հայաստանի քրդական ազգային խորհուրդի և «Քուրդիստան» կոմիտեի հայտարարությունում:

Նշենք, որ հունվարի 20-ի երեկոյան Թուրքիայի զինված ուժերը սկսել են ինտենսիվ հրետակոծել Սիրիայի քրդական ուժերի կողմից վերահսկվող Աֆրին քաղաքը: «Ձիթենու ճյուղ» անվամբ ռազմական գործողությունը սկսվել է օդային հարվածներով՝ օրակարգում ունենալով նաև ցամաքային ներխուժման պլանը։ Քրդերի դեմ օդային հարվածներին հունվարի 20-ի դրությամբ ներգրավվել է 72 ինքնաթիռ։ Գործողության նպատակը մեծամասամբ քրդերից բաղկացած Ազգային ինքնապաշտպանության ջոկատների արտաքսումն է Աֆրին քաղաքից և նրա հարակից շրջաներից: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ զինվորականները կլքեն Աֆրինը, երբ հասնեն իրենց առջև դրված մարտական խնդիրների իրականացմանը: Թուքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով՝ գործողությունը լինելու է 4 փուլով, որի վերջնական նպատակը Աֆրինում 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավոումն է։

ՌԴ զինուժը հետ է քաշել իր ստորաբաժանումները Աֆրինից՝ նշելով, որ դա արվել է զոհերից խուսափելու նպատակով։

Աֆրինը ներկայում վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թև YPG-ն, որոնց Թուրքիան համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղավորումներ և նույնպես «ահաբեկչական կառույցներ»: Թուրքական կողմը մշտապես հայտարարում է, որ թույլ չի տա քրդական ուժերին պետություն ստեղծել թուրքական սահմանի երկայքով՝ սպառնալով գործողություններ իրականացնել:

Лента

Рекомендуем посмотреть