Երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել, հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ է կայացել - RadioVan.fm

Онлайн

Երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել, հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ է կայացել

2022-09-15 21:07 , Политика, 808

Երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել, հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ է կայացել

«Ուզում եմ շատ հստակ լինել այսօր: Միացյալ Նահանգները վճռականորեն պնդում է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Միջազգային հանրությունը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի օգնի հասնել դիվանագիտական ճանապարհով երկարատև խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում խթանել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ-ի և գործընկերների համակարգման միջոցով, որպեսզի դիվանագիտական ճանապարհով ավարտվի հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան ակտը»,-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հրատապ նիստում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձություններից հետո տիրող իրավիճակի առնչությամբ:

Միլսն ընդգծեց տևական խաղաղ լուծման հասնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններին անհապաղ անհապաղ վերադառնալու անհրաժեշտության մասին:

Միացյալ Նահանգների ներկայացուցիչն իր խոսքում հստակ արձանագրեց, որ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով տուժել են Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակիչներ:

Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորանը ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ նշեց իր երկրի խորը մտահոգությունը սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ՝ ներառյալ ՀՀ տարածքում քաղաքացիական օբյեկտներին հարվածները, ինչն արգելված է միջազգային հումանիտար իրավունքով։

«Մենք ողջունում ենք այս պահին կրակի դադարեցման մասին լուրերը։ Խստորեն կոչ ենք անում դադարեցնել կրակը և հետևել ավելի վաղ ձեռք բերված միջազգային համաձայնությանը: Ընդգծում ենք, որ պետք է հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը, այլ երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել, պետք է վերադառնալ այն դիրքերը, որոնք եղել են մինչ այս էսկալացիան։ Հարկավոր է վերադառնալ դիվանագիտական ճանապարհով հակամարտության հանգուցալուծման»,-ասաց Իռլանդիայի ներկայացուցիչը։

ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը գումարվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա:

Նիստի ու ելույթների մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով հարձակումների փաստով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Лента

Рекомендуем посмотреть