«Աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է, այդ գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ»․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է, այդ գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ»․ Փաշինյան

2022-09-29 16:51 , Политика, 713

«Աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է, այդ գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ»․ Փաշինյան

«Աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, չնայած դրա մասին խոսել ենք, թե ինչ է կատարվում այսօր աշխարհում: Դետալների մասին, իհարկե, լուրերով բոլորս գիտենք: Լուրերով, աշխատանքային տեղեկատվությամբ: Բայց տեղի է ունենում հետևյալը, և ես չափազանցություն չեմ համարի այն, ինչ հիմա կասեմ. ըստ էության՝ աշխարհակարգը կամ, եթե ժողովրդական լեզվով ասենք, աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է: Սրանում ոչ մի չափազանցություն չկա: Եվ մենք պետք է աշխատենք այս իրողության արձանագրմամբ»,-ասել է նա՝ նկատելով, որ, գոնե, եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր և պետություն, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու:

Փաշինյանի խոսքով՝ այդ փլուզման գործընթացի մեջ պետք է լինեն կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որպեսզի կարողանանք մեր երկիրը, ինչպես նախկինում ասել է, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնեն խաղաղ նավահանգիստ:

«Սրա համար մեզ պետք է հատուկ կամք, հատուկ իմաստություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն: Մենք, այնուամենայնիվ, պետք է նորից անդրադառնանք մտածողության այն բանաձևերին, որոնցով առաջնորդվել ենք. ես նկատի ունեմ, որպես պետություն և որպես ժողովուրդ: Մենք պետք է վերստուգենք այդ բանաձևերը և համոզվենք դրանց կենսունակության մեջ: Եթե չհամոզվենք կենսունակության մեջ, ուրեմն պետք է այդ բանաձևերում անել որոշակի սրբագրումներ մեր երկրի կենսունակությունը, դիմադրողականությունը և հարատևությունն ապահովելու համար»,-ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվի․ առաջինը՝ պետք է բոլոր ջանքերը գործադրվի Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ, երկրորդը՝ հետևողականորեն պետք է շարունակեն կրթության ոլորտի բարեփոխումները, և այդ ոլորտում՝ էական, խոշոր պետական ներդրումներ անեն, հաջորդը՝ հետևողական բարեփոխումներ իրականացնեն Հայաստանի Զինված ուժերում։

«Այս 3 օրակարգային առաջնահերթությունները պիտի դառնան այն լոկոմոտիվը, որով մենք պետք է առաջնորդենք մեր երկիրն այս, թույլ տվեք ասել, համաշխարհային փոթորիկի մեջ»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողությունների առնչությամբ Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում, սղագրությունը՝ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть