Պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախը ճանաչված է որպես լիիրավ կողմ. ԱԽ - RadioVan.fm

Онлайн

Պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախը ճանաչված է որպես լիիրավ կողմ. ԱԽ

2022-10-04 14:17 , Политика, 753

Պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախը ճանաչված է որպես լիիրավ կողմ. ԱԽ

«Քանի դեռ Արցախը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում»,-ասված է Արցախի Հանրապետության (ԱՀ) անվտանգության խորհրդի (ԱԽ) ընդլայնված կազմով երեկ կայացած նիստում միաձայն ընդունված հայտարարությունում:

Ընդգծվում է, որ այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Ելնելով դրանից՝ Արցախի ԱԽ-ն հայտարարում է՝ պատրաստ են Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ։

Արցախի նախագահի, բարձրաստիճան պաշտոնյաների ու Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ կայացած նիստում ընդունված հայտարարությունում շեշտադրվում է՝ ընկալում են, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջպետական պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ու անվտանգ ապագայի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության երաշխավորման համար կարևոր հիմք, միաժամանակ «անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 30-ին Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից անմիջապես հետո Հարությունյանը տեղեկացրեց, թե խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը ու, որ այդ քննարկումների արդյունքում էլ Արցախի խորհրդարանական ուժերը առաջարկել են Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։

Փաշինյանը, նշենք, հարցազույցում ասել էր, որ Հայաստանի և Ադբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից պետք է առանձնացել Ղարաբաղի հարցը, այն կարող է և չլինել այդ պայմանագրում։ Նա նաև հայտարարել էր, որ Ղարաբաղի հարցով հիմնական բանկացողը պետք է Արցախը լինի:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հոկտեմբերի 3-ին կայացած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում ընդունված հայտարարությունն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть