Փաշինյանն ու Գրոսին կարևորել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում համագործակցությունը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանն ու Գրոսին կարևորել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում համագործակցությունը

2022-10-04 17:19 , Политика, 1069

Փաշինյանն ու Գրոսին կարևորել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում համագործակցությունը

Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման և կարողությունները զարգացնելու տեսանկյունից. Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս խնդիրները կառավարության ռազմավարական առաջնահերթությունների թվում են:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Գրոսին ևս ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել օժանդակությունը Հայաստանի կառավարությանն այդ ուղղությամբ:

Փաշինյանն ու Գրոսին անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:

Ավելի ուշ նրան ընդունել է ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը: Արտգործնախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ վերջինս Գրոսիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ըստ ԱԳՆ-ի՝ նրանք արձանագրել են, որ Հայաստան-ԱԷՄԳ ծավալուն օրակարգն իր մեջ ներառում է ինչպես միջուկային անվտանգության և էներգետիկայի, այնպես էլ՝ շրջակա միջավայրի, առողջապահության, արտակարգ իրավիճակների և այլ բնագավառներ:

Նշենք՝ ԱԷՄԳի գլխավոր տնօրենն այսօր է ժամանել Երևան՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով։ Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Գրոսիին կընդունեն նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մարիանո Գրոսին կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։

Рекомендуем посмотреть