Գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով․ Տեր-Պետրոսյանը՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին - RadioVan.fm

Онлайн

Գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով․ Տեր-Պետրոսյանը՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին

2022-10-04 19:23 , Политика, 268

Գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով․ Տեր-Պետրոսյանը՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն իր ֆեյսբույքյան էջում հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի «արձագանքն իր արձագանքի արձագանքներին»։

«Առաջին. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարության մեջ նշված է. «Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ»: Այսպիսի պնդումն ամենևին կապ չունի Տեր-Պետրոսյանի ասածի հետ, որովհետև նա Ցյուրիխյան արձանագրությունների մասին որևէ դատողություն չի արել: Այլ ընդամենն ասել է հետևյալը. «Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»: Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների առնչությամբ Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք արտահայտված են Հայ Ազգային Կոնգրեսի 2009թ. սեպտեմբերի 2-ի հայտարարության մեջ: Կոնգրեսը դրական է գնահատել Ցյուրիխյան արձանագրությունները՝ կտրականապես դեմ լինելով նրանցում տեղ գտած ընդամենը մեկ կետի, որը վերաբերում է հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը:

Երկրորդ. Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով: Դրանց արդյունքը, փաստորեն, հետևյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»:

Ավելի վաղ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հրապարակել էր նաև Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ «ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը՝ այն որակելով որպես «մերժողական պատասխան ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին»: Մուսինյանը նշել էր, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը:

«Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն.1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»,-գրել էր Մուսինյանը:

Հայտարարություն էր տարածել նաև ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում:

Այսօր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը, գրելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, հայտնել էր, որ «Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»։

Лента

Рекомендуем посмотреть