Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Սիմոնյանը՝ Վոլոդինին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Սիմոնյանը՝ Վոլոդինին

2022-10-10 14:56 , Политика, 547

Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Սիմոնյանը՝ Վոլոդինին

Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Սիմոնյան-Վոլոդին մոտ մեկ ժամ տեւած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով ռուս գործընկերներին, շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Վոլոդինին հրավերի համար՝ նշելով, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է մեր երկրների ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության վրա:

Հանդիպմանը երկուստեք արձանագրվել է, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքը քաղաքական ակտիվ երկխոսությունն է բոլոր մակարդակներում, մասնավորապես, մեր երկրների ղեկավարների միջեւ, որոնք նախանշում են համագործակցության դինամիկան բոլոր ոլորտներում: Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրում խորհրդարանական փոխգործակցության առանցքային դերը՝ կարեւորելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Կողմերն այս համատեքստում շոշափել են առաջիկա նախագծերին առնչվող թեմաներ՝ փաստելով, որ աշխատանքները պետք է շարունակել համակարգային հիմքի վրա՝ ունենալով զարգացման հստակ՝ կոլեգիալության եւ ռազմավարական գործընկերության պահպանման սկզբունքներով նախանշված վեկտոր:

Ռուս գործընկերների հետ հանդիպման առանցքային հարցերից է եղել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան:

«Մեր այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում: Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքի խորքում, մի քանի ուղղություններով ինտենսիվ գնդակոծել են ոչ միայն ՀՀ ԶՈւ դիրքերը, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Ցավալի փաստ է. 207 զոհ ու վիրավորներ ունենք»,-ԱԺ լրատվության վարչության փոխանցմամբ՝ նշել է Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն անվանելով ԱՊՀ տարածքում Ադրբեջանի կողմից զավթողական նպատակներ ունեցող վտանգավոր միտում:

Այս համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այն չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ եւ արդյունավետ:

«Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը միեւնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքների ընթացքում մշակված առաջարկություններն իրենց լուման կներդնեն իրավիճակի ապաէսկալացման եւ մեր տարածաշրջանում կայունության հաստատման գործում:

Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնությունում հայկական սփյուռքին և Հայաստանում բնակություն հաստատած ՌԴ բազմահազար քաղաքացիներին առնչվող հարցերին:

Лента

Рекомендуем посмотреть