Եվրամիության դիտորդների խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաար - RadioVan.fm

Онлайн

Եվրամիության դիտորդների խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաար

2022-10-14 17:28 , Политика, 636

Եվրամիության դիտորդների խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տեղեկացրել է, որ այսօր Երևան է ժամանում Միության դիտորդների նախնական խումբը։

«Եվրամության անդամ 27 երկրներն արագ են արձագանքել Հայաստանի խնդրանքին։ Տեղակայման նպատակը լինելու է իրավիճակի մշտադիտարկումը և տեղում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցության տրամադրումը՝ կայունացման նպատակով»,-Twitter-ում գրել է Կլաարը:

Նշենք՝ Եվրամիության դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի հոկտեմբերի 11-ի փակ նիստում էին համաձայնել Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահություն կառուցելու և սահմանային հանձնաժողովներին աջակցելու նպատակով։

Հիշեցնենք՝ Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։

Հանդիպման արդյունքներով ընդունված քառակողմ հայտարարությամբ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը երեկ՝ հոկտեմբերի 13-ին, հայտնել էր, որ Եվոպական միությունը Հայաստան կգործուղի տեխնիկական խումբ, որը պետք է հստակեցնի Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելության տեղակայման վայրերը:

Лента

Рекомендуем посмотреть