Մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել Հայաստանի սուվերեն տարածքի միջդիրքային գոտիներում, Ադրբեջանը խոչընդոտում է դուրսբերմանը․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել Հայաստանի սուվերեն տարածքի միջդիրքային գոտիներում, Ադրբեջանը խոչընդոտում է դուրսբերմանը․ Փաշինյան

2022-10-14 17:42 , Политика, 754

Մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել Հայաստանի սուվերեն տարածքի միջդիրքային գոտիներում, Ադրբեջանը խոչընդոտում է դուրսբերմանը․ Փաշինյան

«Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում»,-այդ մասին այսօր, ԱՊՀ առաջնորդների նեղ կազմով նիստում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ռազմական ագրեսիային։

Փաշինյանը, նշելով, որ պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս, հույս է հայտնել, որ պայմանավորվածությունը կկատարվի։

ՀՀ վարչապետը հայտնել է, որ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոչնչով չհրահրված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները, Գեղամասար բնակավայրը։ Ցանկանում եմ հստակ նշել, որ սա ոչ թե սահմանային ընդհարում կամ բախում էր, այլ՝ ուղղակի, անհերքելի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից։

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։

Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև Կեչուտի ջրամբարը»,-հակառակորդի ագրչեսիայի հետևանքներն է ներկայացրել Փաշինյանը՝ հայտարարելով, որ այս հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել։

Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть