Онлайн

Սերժ Սարգսյանն այցելել է գրախանութ, գրքեր նվեր ստացել

2018-02-19 18:17 , Общество, 304

Սերժ Սարգսյանն այցելել է գրախանութ, գրքեր նվեր ստացել

Նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների՝ «Էդիթ Պրինտ»-ի, «Զանգակ-ի, «Անտարես»-ի և «Բուկինիստ»-ի ղեկավարների հետ:

«Թեյի սեղանի շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են գրահրատարակչության վերջին տարիների ձեռքբերումների և առկա խնդիրների մասին, քննարկել՝ գրքի տպագրության և վաճառքի, գրադարանների ու գրախանութների գործունեության շարունակաբար բարելավման, ընթերցանության խրախուսման նպատակով պետության և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը: Հրատարակիչները նաև իրենց առաջարկություններն են ներկայացրել, որոնք Հանրապետության Նախագահը խոստացել է քննարկել ոլորտի պատասխանատուների հետ և փորձել գտնել ոլորտին օգտակար լինելու նոր հնարավորություններ »,-տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

Սերժ Սարգսյանը և հանդիպման մասնակիցները քննարկումից առաջ շնորհավորել են միմյանց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ: Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ անցած տարիների ընթացքում հասարակության մեջ ձևավորված բարի ավանդույթը` Գիրք նվիրելու օրը, իրավամբ, մեծ պոետի ծնունդը նշելու ամենալավ ձևերից մեկն է: Օրվա խորհրդի ներքո հանդիպման մասնակիցները միմյանց գիրք են նվիրել:

Նախագահը նվիրել է բրիտանացի հայտնի պատմաբան, գրող Նիալ Ֆերգյուսոնի հեղինակած «Քաղաքակրթություն. ինչով է տարբերվում Արևմուտքը մնացած աշխարհից» գիրքը, որը ներկայացնում է համաշխարհային պատմության վերջին 600 տարին: «Բուկինիստ» ընկերության տնօրենը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է անգլիական հրատարակչություններից մեկի հետ համատեղ հրատարակված «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, որտեղ առանձին մեծ բաժնով ներկայացված է նաև Հայաստանը: «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրենը Նախագահին նվիրել է «Հայ արվեստի պատմություն» աշխատությունը, որտեղ ներկայացված է հայ կերպարվեստի և ճարտարապետության պատմական ուղին՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահը Սերժ Սարգսյանին նվիրել է ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» երկհատորյակը, որտեղ ներկայացված են քննախույզ գիտնականի մտորումները կեցության առեղծվածի ճանաչողության, բնության ու մարդու միջև մղվող հավերժական պայքարի մասին: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախագահը նվիրել է վերջին շրջանում հրատարակչության տպագրած թարգմանական գրականությունը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկերը», Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Մարդկանց երկիրը», Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքերը:

Лента

Рекомендуем посмотреть