«Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը»․ Փաշինյանը՝ նորանշանակ վարչապետին - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը»․ Փաշինյանը՝ նորանշանակ վարչապետին

2022-10-27 14:48 , Политика, 606

«Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը»․ Փաշինյանը՝ նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ բարեմաղթանքները և լավագույն ցանկությունները։

Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնում եք աշխարհաքաղաքական բարդ գործընթացների և Ձեր երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների պայմաններում, երբ քաղաքական ղեկավարներից պահանջվում է առավելագույն խոհեմություն ու շրջահայացություն ստեղծված մարտահրավերները հաղթահարելու համար։ Վստահ եմ, որ Դուք Միացյալ Թագավորությունը կառաջնորդեք զարգացման ու բարգավաճման ճանապարհով։

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լավ առիթ է մեր երկրների միջև չիրացված ներուժի վերհանման և համագործակցության նոր ուղղությունների ուրվագծման համար:

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի և գործնական շահերի վրա:

Չնայած անվտանգային լուրջ մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է անշեղորեն իրականացնել ժողովրդավարական բարեփոխումները, և այս համատեքստում բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությունը։ Լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ մեր երկրների բարգավաճման և մեր բարեկամ ժողովուրդների բարօրության։

Ձեր պատասխանատու առաքելության մեջ մաղթելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Հիշեցնենք՝ ընդամենը 6 շաբաթյա պաշտոնավարումից հետո Լիզ Թրասը հոկտեմբերի 20-ին հայտնեց Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին։ Թրասը, հոկտեմբերի 25-ին հանդես գալով իր վերջին ուղերձով, ասել է, թե իր համար մեծ պատիվ էր ծառայել Բրիտանիային: Նա հավաստիացրել է, որ առջևում լուսավոր օրեր են:

«Այս պաշտոնում աշխատելով, ես ևս մեկ անգամ համոզվել եմ, որ մենք պետք է համարձակ գտնվենք և դիմակայենք մեր առջև ծառացած մարտահրավերները: Ինչպես հռոմեացի փիլիսոփա Սենեկան է ասել՝ մենք չենք համարձակվում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան դժվար է, այլ այդ ինչ-որ բանը դժվար է, որովհետև մենք չենք համարձակվում»,-ասել է Թրասը՝ հաջողություն մաղթելով իրեն հաջորդող ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակին։

Նշենք՝ Թրասի պաշտոնավարման ժամկետը Մեծ Բրիտանիայի պատմության ընթացքում ամենակարճն էր:

Ի դեպ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, թե Բրիտանիայում վարչապետի պաշտոնում Ռիշի Սունակի նշանակումը դարակազմիկ փոփոխություն է:

Բրիտանիայի պատմության ընթացքում առաջին անգամ կառավարությունը ղեկավարելու է հնդկական ծագում ունեցող քաղաքական գործիչը․ Ռիշի Սունակի ընտանիքը Հնդկաստանից 1960-ականներին է տեղափոխվել Բրիտանիա: Սունակը ծնվել է Հարավային Անգլիայում, կրթություն ստացել Վինչեսթերի քոլեջում, Օքսֆորդի և Սթենֆորի համալսարաններում:

Սունակը 42 տարեկան է։

Лента

Рекомендуем посмотреть