Онлайн

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի հարևանությամբ՝ շինարարություն

2018-02-22 17:18 , Общество, 718

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի հարևանությամբ՝ շինարարություն

Բնական հուշարձանների ցանկում ընդգրկված Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-յի մոտ շինարարական աշխատանքներ են ընթանում: Այդ մասին ահազանգը և լուսանկարը տարածել է ֆեսբուքյան օգտատերերից Գոռ Հովհաննիսյանը:

«Մարդ ինչքան պիտի անասուն լինի, որ ամեն սիրուն տեղում լափելու վայր սարքի ... ??? Ազգը պիտի ինչքան էշի ականջին քնած լինի, որ կամ չհասկանա իրավիճակը կամ էլ համաձայն լինի ... ??? Հիմա ինչ? Էս էլ էսենց ?»,-գրել է նա:

Գառնիի համայնքապետարանում տեղյակ են կատարվող աշխատանքների մասին: Աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ ոչ թե հիմնական, այլ զբոսաշրջիկների համար նախատեսված ժամանակավոր տաղավարներ են կառուցվում: Նա վստահեցրել է, որ բնական էկոհամակարգը դրանից չի վնասվի կամ հուշարձանը տեսքը չի կորցնի:

Նրա խոսքով` ծրագրից տեղյակ են պետական մարմինները, իսկ ֆինանսավորել է ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը: «Լուսանկարները սխալ տպավորություն են ստեղծում: Մենք ավելի ուշ նկարելու ենք ընդհանուր տարածքը ու հրապարակելու ենք, որ քաղաքացիները տեսնեն` իրականում ինչ է արվել»,-նշեց Մարտիրոսյանը:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադառնալով հարցին՝ նշել է, որ եթե Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում է կատարվում շինարարությունը, ապա այն ենթակա է վերացման:

«Ահազանգը ստանալու առաջին իսկ պահից տեսչական մարմինը գործողություններ է ձեռնարկում, կասեցված է որևէ շինարարություն, մինչեւ հստակ պարզվեն իրավական բոլոր հիմքերը: «Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» համարվում է բնության հուշարձան: Ներկայումս ուսումնասիրվում է, թե արդյո՞ք կառուցվող շինությունը գտնվում է այդ սահմանների մեջ, թե՞ ոչ: Եվ եթե շինությունը կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է կանխարգելիչ, կասեցնող եւ խախտումը վերացնող միջոցներ իրականացնել: Առաջիկա ժամերին տեղեկություն կունենանք, թե ինչ իրավական հիմքերով է իրականացվում շինարարությունը: Եթե հուշարձանի տարածքում է, բացառվում է, որ իրավական հիմք լինի, և այն ենթակա է վերացման»,-ասել է նախարարը:

Лента

Рекомендуем посмотреть