Онлайн

Մարինացված վարունգում հայտնաբերված թրթուրները առողջության համար անվտանգ են. արտադրողը պարզաբանում է ներկայացրել

2018-02-23 15:20 , Общество, 602

Մարինացված վարունգում հայտնաբերված թրթուրները առողջության համար անվտանգ են. արտադրողը պարզաբանում է ներկայացրել

«Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանձնարարականի՝ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը:

Ընկերությունից պարզաբանել են, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը, վարունգները վերամշակվում են թաց և չոր եղանակով: Քանի որ արտաքին դիտարկմամբ դրանք տեսանելի չեն, մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրակիր վարունգներ:

«Արտադրողը պարտավորվել է պահածոյացման շրջանում լինել առավել զգոն և մեկնաբանել, որ պտղային ճանճը կամ դրա թրթուրները թեև փչացնում են պտղի որակը, սակայն մարդու առողջության համար վտանգավոր չեն»,-նշվում են ՍԱՊԾ մամլո ծառայությունից:

Հիշեցնենք՝ օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Էլեն Գրիգորյանն իր էջում հրապարակել էր լուսանկար՝ տեղեկացնելով, որ «Կայզեր» սուպերմարկետից գնել է հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերության արտադրության ժամկետի մեջ գտնվող «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգ, որում որդ է հայտնաբերել։ Գրառման հիման վրա՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ձեռնարկած վերահսկողական միջոցառումների շրջանակում ՍԱՊԾ աշխատակիցները այցելել են տվյալ սուպերմարկետ: Այնտեղ պահման պայմանների խախտումներ չեն արձանագրվել, իսկ նույն խմբաքանակի մարինացված վարունգի տեղում բացված-կտրատված 3 նմուշների մեջ էլ որևէ բան չեն հայտնաբերել: Ծառայութունը ներմուծողին հանձնարարել էր կապ հաստատել արտադրող ընկերության հետ՝ մանրամասները պարզելու համար:

Лента

Рекомендуем посмотреть