Онлайн

Ուղևորը տաքսու վարորդի սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ է գցել ու թալանել

2018-02-23 17:54 , Право, 461

Ուղևորը տաքսու վարորդի սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ է գցել ու թալանել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 15-ին՝ 22։20-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել մի տաքսու վարորդ ու հայտնել, որ Երևանում իր մեքենան մի տղամարդ է նստել ու պատվիրել իրեն տանել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ։

«Ճանապարհին պատվիրատուն վարորդին սուրճ է հյուրասիրել։ Խմելուց հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և Հրազդան չհասած՝ տաքսու վարորդը մեքենան վստահել է պատվիրատուին, որ նա վարի։ Փոքր-ինչ լավ զգալուց հետո վարորդը նկատել է, որ Երևանում է՝ Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Նկատել է նաև, որ պատվիրատուն ձեռքը մտցրել է իր գրպանը՝ փող հափշտակելու, փորձել է կանխել, սակայն պատվիրատուն նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք տալով՝ հափշտակել է 80 հազար դրամ, բջջային հեռախոսներ ու փախել»,-փոխանցում են ոստիկանությունից՝ նշելով, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հետախուզական միջոցառումներով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Այսօր՝ փետրվարի 23-ին, հայտնաբերվել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 1978 թվականին ծնված Ավետիս Շառոյանը։ Պարզվել է, որ նա է տաքսու վարորդին հյուրասիրած սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ գցել։ Շառոյանի խոսքով՝ նույն եղանակով 40-ից ավելի հափշտակություն է կատարել։

Հանգամանքները պարզվում են։

Лента

Рекомендуем посмотреть