Կենտրոնում խուճապի չմատնվեք. քաղաքապետարանը և ԱԻՆ-ը հորդորում ու տեղեկացնում են - RadioVan.fm

Онлайн

Կենտրոնում խուճապի չմատնվեք. քաղաքապետարանը և ԱԻՆ-ը հորդորում ու տեղեկացնում են

2018-02-28 15:55 , Общество, 1608

Կենտրոնում խուճապի չմատնվեք. քաղաքապետարանը և ԱԻՆ-ը հորդորում ու տեղեկացնում են

Երևանի քաղաքապետարանը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես են եկել քաղաքացիներին ուղղված հորդորով՝ վաղը խուճապի չմատնվել և հանգստություն պահպանել:

Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից՝ վաղը՝ մարտի 1-ին, ժամը 14:30-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անց է կացվելու ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ և ուսումնական նպատակներով հնչեցվելու է տագնապի ազդանշան:

«Հորդորում ենք ազդարարման շչակի ձայնից խուճապի չմատնվել, պատճառվող ժամանակավոր անհանգստության համար էլ հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշում են քաղաքապետարանից:

ԱԻՆ-ն էլ, հորդորելով պահպանել հանգստություն, տեղեկացնում է, որ վաղը նույն ժամին և նույն վայրում անցկացնելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Նպատակներն են.

•ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս.

•կատարելագործել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

«Մտահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր: Ռմբակոծվել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը։ Ռմբակոծության հետևանքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ և փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ և կան տուժածներ»,-նշում են ԱԻՆ-ից:

Միաժամանակ հաղորդվում է, որ վաղը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Քաղաքացիական պաշտպանությունը և ազգային կառույցները հանուն աղետների առավել արդյունավետ կառավարման» կարգախոսի ներքո:

Лента

Рекомендуем посмотреть