Լաչինի միջանցքի շրջափակումն անհրաժեշտ է դարձնում Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Փաշինյանը՝ ՌԴ-ից առարկայական քայլերի ակնկալիքով - RadioVan.fm

Онлайн

Լաչինի միջանցքի շրջափակումն անհրաժեշտ է դարձնում Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Փաշինյանը՝ ՌԴ-ից առարկայական քայլերի ակնկալիքով

2023-01-05 15:55 , Политика, 768

Լաչինի միջանցքի շրջափակումն անհրաժեշտ է դարձնում Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Փաշինյանը՝ ՌԴ-ից առարկայական քայլերի ակնկալիքով

«Մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից (ՌԴ), ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում ու Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն արդեն 25 օր փակ է պահում Լաչինի միջանցքը։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու կոչերի, միջազգային լայն արձագանք է հարուցել: Չնայած սրան՝ Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ: Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է:

Էական է նաև արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց, իմ համոզմամբ, ամենախորը և իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց Հայրենիքում, և միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը: Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Հարգելի գործընկերներ,

2022 թվականի դեկտեմբերի 30-ին, իմ որոշմամբ, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով՝ աշխատանքային խումբ է ստեղծվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Խումբն արդեն մի քանի նիստ է արել և կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ, և գործունեությունը կշարունակի որքան անհրաժեշտ է:

Անդրադառնալով ընդհանուր առմամբ տարածաշրջանում առկա իրավիճակին՝ պիտի կրկին վերահաստատեմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ:

Պիտի ընդգծեմ նաև,որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,-ասել է Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть