2 ամսով կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ հատվածում - RadioVan.fm

Онлайн

2 ամսով կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ հատվածում

2018-03-01 16:49 , Общество, 2618

2 ամսով կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ հատվածում

Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորիչ փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ս/թ. մարտի 3-ից, ժամանակավորապես, 2 ամսով կդադարեցվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները.

- հանգույցի ստորգետնյա մասում՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,

- հանգույցի վերգետնյա հատվածում թույլատրվելու է տրանսպորտային հոսքերի շարժումը բոլոր ուղղություններով, այդ թվում նաև ուղիղ՝ Մաշտոցի պողոտայի կողմից դեպի Հաղթանակի կամուրջ և հակադարձ՝ Հաղթանակի կամրջի կողմից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հանգույցի վերգետնյա հատվածներում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից մինչև Գր.Լուսավորչի փողոց և Պարոնյան փողոցից մինչև Հաղթանակի կամուրջ ճանապարհահատվածներում:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթևեկել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա- Մ.Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ժամանակահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով, աշխատանքները իրականացվելու են երկհերթ՝ տեղեկացնում են քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը։

Лента

Рекомендуем посмотреть