Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգը ժամանակավորապես կդադարեցվի - RadioVan.fm

Онлайн

Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգը ժամանակավորապես կդադարեցվի

2018-03-06 16:15 , Общество, 2109

Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգը ժամանակավորապես կդադարեցվի

ՀՀ կառավարությունը կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Նպատակը՝ դեղատոմսերի գրման և դեղերի բաց թողնման կարգի աստիճանաբար ներդրումն է: Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Ըստ տեղեկանք-հիմնավորման՝ որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ դարձավ, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվեց աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը:

«Հիմք ընդունելով «Իրավական ակտրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ձևավորված մոտեցումների` տարիներ շարունակ դեղատոմսով բաց թողնվող դեղերը առանց դեղատոմսի բաց թողնելու և ձեռք բերելու պրակտիկայի, արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման կիրառման ընթացքում առաջացած խնդիրներից խուսափելու և աստիճանական անցման ժամանակացույց ներդնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը,իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր,hակամիկոբակտերիային դեղեր,hակավիրուսային դեղեր,իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ,պատվաստանյութեր) դեղերի:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բժշկի կողմից գրված դեղատոմսը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշմամբ սահմանված կարգով»,-ասվում է կառավարության որոշման նախագծում:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

Հիշեցնենք՝ 2018 թվականի մարտի 1-ից ՀՀ-ում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը վաճառվում են բացառապես դեղատոմսի առկայության պարագայում:

Лента

Рекомендуем посмотреть