Ի հակադրություն ադրբեջանական ատելության դասի՝ Լապշինն առաջարկում է լսել հայերի խաղաղություն քարոզող երգը - RadioVan.fm

Онлайн

Ի հակադրություն ադրբեջանական ատելության դասի՝ Լապշինն առաջարկում է լսել հայերի խաղաղություն քարոզող երգը

2018-03-06 18:16 , Политика, 1744

Ի հակադրություն ադրբեջանական ատելության դասի՝ Լապշինն առաջարկում է լսել հայերի խաղաղություն քարոզող երգը

«Ի հակադրություն ադրբեջանական մանկապարտեզում երեխաների մեջ հայատյացություն սերմանելու մասին երեկվա տեսանյութի՝ կրկին երեխաների մասնակցությամբ հաճելի տեսահոլովակ դիտեք»,-այս առաջարկով ֆեյբուքյան իր էջում հանդես է եկել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով նախօրեին հրապարակել էր «Ատելության դաս ադրբեջանական դպրոցում» տեսանյութը, որում ուսուցչուհին դիմելով երեխաներին հարցնում է, թե ովքեր են իրենց թշնամիները, ինչին ի պատասխան երեխաները միաբերան ասում են՝ «Հայերը»: Իսկ ինչու՞ հայերը հարցին՝ հետևում է «Նրանք մեր բոլոր զինվորներին սպանել են» պատասխանը:

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն ահա առաջարկում է դիտել հայկական Detq խմբի «Toy Guns» («Խաղալիք զենք») տեսահոլովակը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ երգը գրել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցած հայ զինվորները:

«Սա երգ է հանուն խաղաղության, որպեսզի չմահանան ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանցի զինվորները»,-գրել է Լապշինը։

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող 40-ամյա բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով հայտնի է զբոսաշրջային այցերով և դրանց մասին իր գրառումներով, ադրբեջանական իշխանությունների պահանջով ձերբակալեցին 2016թ. դեկտեմբերի 15-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: 2017-ի հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման՝ մեղադրվելով Ադրբեջանի պետական սահմանը ապօրինաբար հատելու մեջ: Նույն թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած կարգադրությամբ բլոգերին ներում շնորհվեց:

Лента

Рекомендуем посмотреть