Ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, դոկտոր Ռիչարդ Հովհաննիսյանի տասնամյակներ շարունակ հավաքագրած Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների հավաքածուն, որը ամենամեծերից մեկն է, այսուհետ կհամալրի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի արխիվը:
Այդ մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքից:
Նշվում է, որ այսօր կայանալիք հատուկ արարողության ժամանակ Հովհաննիսյանի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն պաշտոնապես կհայտարարվի որպես հիմնադրամի Վիզուալ պատմության արխիվի մի մաս:
Հավաքածուն ներառում է ավելի քան 1000 հարցազրույց, ձայնագրություններից զատ՝ յուրաքանչյուր վկայություն ուղեկցվում է փաստաթղթերով և լուսանկարներով:
«Հավաքածուի գերակշիռ մասը ձայնագրվել է հայերենով և միայն 20 տոկոսն է անգլերեն: Կան նաև թուրքերեն և իսպաներեն հարցազրույցներ, որոնք, սակայն, փոքր մաս են կազմում:
Հովհաննիսյանը, ով Հայոց ցեղասպանության վերապրածի ժառանգ է, խորապես հավատացած է, որ վկայությունները մեծ կարևորություն ունեն սերունդներին կրթելու, ժխտողականության դեմ պայքարելու հարցում»,-ասվում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պաշտոնական հաղորդագրությունում, որումնաև մեջբերվում է Շոայի հիմնադրամի գործադիր տնօրեն Սթեֆան Սմիթի խոսքը, ըստ որի՝ Վիզուալ պատմության արխիվում ավելի մեծ բովանդակություն ավելացնելով՝ հարգվում է այն մարդկանց հիշատակը, ում կյանքը զուր ընդհատվել է:
«Այս ձայները կնպաստեն այն բանին, որ ապագա սերունդները կսովորեն Հայոց ցեղասպանության սարսափները ապրածներից»,-Սթեֆան Սմիթի խոսքերն է փոխանցում Կալիֆորնիայի համալսարանի կայքը: