ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Զինված ուժերի առաջիկա 7 տարիների զարգացման ծրագիրը: «ՀՀ Զինված ուժերի 2018-2024թթ. արդիականացման ծրագիր» անվամբ 18 էջից բաղկացած փաստաթղթում ամրագրված են համակարգի արդիականացման ուղղությամբ նախանշված նպատակները և դրանց հասնելու ուղիները:
Ծրագրով նպատակ է սահմանված որակական նոր մակադակի հասցնել մարտական հերթապահությունը՝ դարձնելով այն առավելագույն անվտանգ: Որպես դրա իրականացման երաշխիք՝ նախատեսվում է առաջնագիծը կարճաժամկետ հեռանկարում համալրել արդիական տեսադիտարկման, հետախուզության, հավաստանշման և կրակային խոցման ու ինժեներական միջոցներով: Պաշտպանության նախարարությունը մարտական հերթապահության կատարելագործմամբ նպատակ ունի նաև բարձրացնել մարտական հերթապահություն իրականացնող անձանց անվտանգության աստիճանը, ինչը ենթադրում է մարտական հենակետերի լրացուցիչ ինժեներական կահավորում և անձնակազմի համապատասխան հանդերձավորում:
«Արդիականացման ծրագրով նախատեսված համալիր ջանքերի շնորհիվ կապահովվի զինված ուժերի վստահ մուտքը կայացման չորրորդ տասնամյակ, որպես ՀՀ ազգային անվտանգության գլխավոր երաշխիք: Այդ երաշխիքը ծառայելու է որպես հավանական հակառակորդների զսպող գործոն, «Ազգ-բանակ» հայեցակարգի իրագործման հուսալի աղբյուր և միջազգային արդյունավետ գործընկերության ծավալման հարթակ»,-նշված է փաստաթղթում:
«ՀՀ Զինված ուժերի 2018-2024թթ. արդիականացման ծրագրին» առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից հետևյալ հղմամբ: