Վաղը Ռուսաստանի ողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները - RadioVan.fm

Онлайн

Վաղը Ռուսաստանի ողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները

2018-03-27 16:04 , Мир, 1444

Վաղը Ռուսաստանի ողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները

Ի հիշատակ Կեմերովոյի հրդեհի զոհերի՝ վաղը՝ մարտի 28-ին, Ռուսաստանի Դաշնությունում սգո օր է հայտարարված. համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հրամանագրի համաձայն՝ երկրի ողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները, մշակութային հաստատություններին ու հեռուստաընկերություններին կառաջարկվի այդ օրը չեղարկել զվարճալի միջոցառումներն ու ծրագրերը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա։ Կան նաեւ անհետ կորածներ, որոնց թիվը ճշտվում է։ Հիվանդանոցներում բուժում են ստանում, ըստ տարբեր տվյալների, մինչեւ 15 մարդ։

Հրդեհի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը:

Քննությամբ ձեռք են բերվել ապացույցներ՝ առ այն, որ լուրջ բացթողումներ են եղել ինչպես առևտրի կենտրոնը շահագործման հանձնելիս, այնպես էլ շահագործման ընթացքում: Դեռ ավելին, պարզվել է, որ տարհանման ելքերը փակ են եղել, իսկ առևտրի կենտրոնի աշխատակիցը հրդեհի մասին ահազանգ ստանալուց հետո անջատել է ազդարարման համակարգը:

Նշենք, որ երեկվանից Կեմերովոյում եռօրյա սուգ է հայտարարված:

Лента

Рекомендуем посмотреть