Վոլինկինը հեռանում է «խառը զգացողություններով» - RadioVan.fm

Онлайн

Վոլինկինը հեռանում է «խառը զգացողություններով»

2018-03-30 15:09 , Политика, 1668

Վոլինկինը հեռանում է «խառը զգացողություններով»

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինինն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Այդ առիթով դեսպանն այսօր հյուրընկալվել է ՀՀ կառավարությունում:

Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպման սկզբում ցավակցել է դեսպանին Կեմերովոյում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Վարչապետը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել դեսպան Վոլինկինին՝ նշելով, որ գնահատելի են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը:

« «Այսօր պետք է արձանագրենք, որ մենք ունիկալ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ, մանավանդ, որ աշխատանքի մեծ դաշտ ունենք և առհասարակ ցանկացած բարեկամության պահպանման և ամրապնդման ուղղությամբ պետք է անընդհատ աշխատել: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և վստահ եմ, որ Դուք մեզ չեք մոռանա: Միշտ ուրախ կլինենք Ձեզ տեսնել Հայաստանում»,-դիվանագետին ասել է Կարեն Կարապետյանը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել բարեկամ Հայաստանում և իր ներդրումն ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

«Հայաստանից հեռանում եմ խառը զգացողություններով, քանի որ այստեղ ինձ զգում էի ինչպես հայրենիքում: Վստահ եմ, որ Երևանից հեռանալով չեմ դադարի կապ ունենալ Հայաստանի հետ»,-նշել է դեսպանը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Իվան Վոլինկինը Հայաստանում Ռուսաստանի դեսպան է նշանակվել 2013 թվականի մարտի 22-ին: Դեսպանի դիվանագիտական առաքելության ժամկետը ՀՀ-ում ավարտվել է 2018 թվականի մարտի 22-ին:

Лента

Рекомендуем посмотреть