«Երկրի պաշտպանությունը կենսակերպ է ողջ հասարակության». Վիգեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» - RadioVan.fm

Онлайн

«Երկրի պաշտպանությունը կենսակերպ է ողջ հասարակության». Վիգեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր»

2018-04-02 17:16 , Общество, 1454

«Երկրի պաշտպանությունը կենսակերպ է ողջ հասարակության». Վիգեն Սարգսյանն այցելել է  «Եռաբլուր»

Ապրիլյան դեպքերը որքան էլ ցավալի, ողբերգական հետևանքներ ունեցան՝ կորստի առումով, այդուամենայնիվ, երկիրը պաշտպանելու այլ ձև մինչ օրս որևէ բանակ դեռ ի հայտ չի բերել։ Այս մասին այսօր ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ընդգծելով՝ զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, կյանքի գնով անգամ երկիրը պաշտպանելու գաղափարին:

Ամենակարևոր բանը, ըստ նախարարի, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել, հասարակության գիտակցությունն է, առ այն, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր-կտոր կամ հասարակության մի մասի ուսերին դրված։ Նախարար Սարգսյանը նշել է՝

«Կարծում եմ՝ մենք հասկացել ենք, որ երկրի պաշտպանությունը կենսակերպ է ողջ հասարակության, ողջ երկրի, ողջ պետական համակարգի նաև, կարծում եմ, որ դա է առանցքը մեր հետագա քայլերի, բոլոր այն ծրագրերի, նպատակների, որոնք պետք է կյանքի կոչենք, որպեսզի որպես ազգ-բանակ՝ պատրաստ լինենք պաշտպանելու մեր երկիրն ու պետությունը, մեր քաղաքակրթությունը նաև այն հսկայական ժառանգությունը, որ մենք ունենք»,-նշել է նա։

Նախարար Սարգսյանը շեշտել է՝ պայքարը ո՛չ սկսվում, ո՛չ էլ ավարտվում է Ղարաբաղում:

«Մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով միայն: Մենք պետք է որպես հասարակություն պատրաստ լինենք առաջ շարժվելու, զարգանալու, արագ զարգանալու, և, միաժամանակ, բավականաչափ անելու այդ զարգացումը պաշտպանելու համար: Չեմ կարծում, որ որևէ պաշտպանության նախարար պետք է իրավունք ունենա հասարակության աչքերին նայելով ասի, որ մենք ամեն ինչ արել ենք, ամեն ինչ փայլուն է և որևէ խնդիր չունենք»,-ասել է պաշտպանության նախարարը՝ նկատելով՝ ով այդպիսի բան ասի՝ նշանակում է կա´մ խնդիրը լիարժեք չի պատկերացնում, կա´մ անելիք չունի:

Лента

Рекомендуем посмотреть