Հյուսիսային պողոտայի պայթյունից տուժածներից 6-ի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ ծանր - RadioVan.fm

Онлайн

Հյուսիսային պողոտայի պայթյունից տուժածներից 6-ի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ ծանր

2018-04-03 14:22 , Общество, 1460

Հյուսիսային պողոտայի պայթյունից տուժածներից 6-ի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ ծանր

Երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժածներից մեկն այսօր ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել:

Բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։

«Տուժածներից մեկի մոտ պայթյունի հետևանքով առաջացել են աջ զստոսկրի և աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր, ում անմիջապես վիրահատել են: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս 6-ինը` միջին ծանրության»,-հայտնում են ՀՀ ՀՀ առողջապահության նախարարությանից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նախարար Լևոն Ալթունյանը երեկ տեսակցել է տուժածներին, տեղեկացել նրանց առողջական վիճակով և հետաքրքրվել ցուցաբերվող բժշկական օգնության ընթացքով։

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն, որի հետևանքով տուժել է 8 մարդ՝ Ռուդոլֆ Մարկոսյան (2012 թ.), Ռուբինա Մարկոսյան (2010 թ.), Զարուհի Մելիքյան (1999 թ.), Էրիկ Աշուղյան (2002 թ., ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (2003 թ., ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրամովա (2004 թ., ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (2003 թ., ՌԴ քաղաքացի), Զեյնաբ Հուսեինի (1994 թ., ԻԻՀ քաղաքացի): Տուժածներն անմիջապես տեղափոխվել են ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վերաբերյալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որում մասնավորապես ասվում է, որ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքները թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ:

Лента

Рекомендуем посмотреть