Ե՛վ արվեստում, և՛ երեխայի հետ շփումներում ազնվությունը ամենակարևոր գործոնն է․ STAN Studio-ի հիմնադիր Եվգենիա Վարդանյան - RadioVan.fm

Онлайн

Ե՛վ արվեստում, և՛ երեխայի հետ շփումներում ազնվությունը ամենակարևոր գործոնն է․ STAN Studio-ի հիմնադիր Եվգենիա Վարդանյան

2025-07-22 08:12 , Общество, 225

Ե՛վ արվեստում, և՛ երեխայի հետ շփումներում ազնվությունը ամենակարևոր գործոնն է․ STAN Studio-ի հիմնադիր Եվգենիա Վարդանյան

Ռադիո Վանի այսօրվա հերոսուհին ու անչափ հետաքրքիր զրուցակիցն է նկարչուհի, մանկավարժ, STAN Studio ստեղծագործական ստուդիայի հիմնադիր Եվգենիա Վարդանյանը։ Նա չի սեթևեթում ու խոսում արվեստի մասին բարձրագոչ բառերով․ ծանոթության պահից միանգամից հասկացնել է տալիս՝ արվեստը, իհարկե, անչափ կարևոր տեղ է զբաղեցնում իր կյանքում, բայց նրա համար առաջնայինն է իր՝ ամբողջ կյանքի ընթացքում ձեռք բերված գիտելիքներով և հմտություններով կիսվելը, փորձի փոխանցելը երեխաներին։

«Իմաստ չկա ստելու՝ գումար չեմ աշխատում, հոգիս եմ դնում։ Իհարկե, առանց գումարի ապրել չի լինում, բայց նաև արվեստի բնագավառում խղճիդ առաջ պետք է մաքուր լինես։ Արվեստի մարդիկ միշտ ավելի բարի են։ Նյութականն առանձնապես դեր չի խաղում՝ դու գալիս ես երեխաներին ինչ որ բան տալու, գիտելիքով կիսվելու, այստեղ նպատակն ամենևին գումար աշխատելը չէ», - համոզված է Եվգենիան։

Երեխաները նրան իսկապես սիրում են․ և ինչպե՞ս կարելի է չսիրել մի մարդու, որն անմնացորդ նվիրված է իր մանկավարժական առաքելությանը․ «Բացի գիտելիք տալուց երեխայի հետ նաև պետք է խոսել, լսել նրանց, հասկանալ։ Երբ դասն ավարտվում է ու տեսնում են նրանց փայլող աչքերը, երբ գալիս և գրկախանվում են՝ այսպես հայտնելով իրենց հիացմունքը, դա ինձ համար ամենաթանկ գնահատականն է՝ որպես ուսուցչի», - անկեղծանում է Եվգենիան։

STAN Studio-ն տարբերվում է շատ այլ նկարչական ստուդիաներից կամ խմբակներից․ «Ինձ դիմողներն արդեն գիտեն՝ ինձ մոտ ուղղվածություն կա, սա սովորական խմբակ չէ, այլ ստուդիա, որտեղ իսկապես աշխատում ենք։ Ունենք նաև դիմորդներ՝ քոլեջների, բուհերի համար են պարապում, արդեն նպատակային ուղղվածությունով են գալիս։ Հենց այնպես կամ ժամանակավոր ինձ չեն դիմում, եկողը հիմնականում մնում է»։

Եվգենիայի խոսքով, լինում են դեպքեր, երբ հենց ծնողն է ցանկանում, որ երեխան զբաղվի արվեստով․ «Բայց եթե տեսնում ենք, որ բալիկի մոտ առաջխաղացում չկա, շատ սիրուն ձևով հասկացնում եմ, որ իմաստ չունի շարունակել՝ այդ ժամանակը կարելի է ավելի նպատակահարմար ծախսել այլ՝ երեխային ավելի հոգեհարազատ զբաղմունքի վրա։ Սա պարզապես ժամանցային վայր չէ, այլ մի տեղ, որտեղ կարելի է ստանալ իսկապես որակյալ գիտելիք և հմտություն՝ ապագայում դա անգամ մասնագիտություն դարձնելու համար։

Չեմ սիրում խաբել ո՛չ երեխային, ո՛չ ծնողին։ Ե՛վ արվեստում, և՛ երեխայի հետ շփումներում ազնվությունը ամենակարևոր գործոնն է»։

Եվգենիայի օրը շատ հագեցած է․ առավոտյան դասեր թիվ 181 հիմնական դպրոցում, այնուհետև՝ պարապմունք մանկապարտեզում, հետո էլ՝ ստուդիայում։ Ամբողջ օրն անցնում է ամենատարբեր տարիքի երեխաների շրջապատում, և նրանցից բոլորի համար անպայման կա մի ջերմ խոսք, անկեղծ ժպիտ, գովասանք։ «Իմ աշխատանքն ինձ ուժ է տալիս։ Չեմ պատերացնում օրս առանց երեխաների»։

Իսկ ինչպե՞ս ստեղծվեց STAN Studio-ն, որը երեխաների համար դարձավ մի յուրահատուկ միջավայր շփվելու, կտավին կամ թղթին երևակայությունը հանձնելու, ստեղծագործական ջիղը էլ ավելի զարգացնելու համար։

«Առաջինը դա ծնողների խնդրանքն էր․ հենց ամառային արձակուրդներն էին մոտենում, ծնողները պարբերաբար խնդրում էին շարունակել պարապմունքները երեխաների հետ։ Տան պայմաններում, բնականաբար, դա այդքան էլ հարմար չէ և միտք ծագեց՝ ստեղծել մի վայր, ուր կհաճախեն երեխաները, որոնց համար արվեստը կենսակերպի մի մասն է», - ասում է Եվգենիան։

Որոշումը կայացած էր․

«Մի լավ մարդ մի անգամ ասաց՝ եթե ցանկություն ունես երիտասարդ ժամանակ ինչ որ բան անելու, արա դա, որովհետև տարիներ անց զղջալու ես, որ չես արել։ Իսկ ես դեռ մանկուց երազանք ունեի՝ ունենալ իմ սեփական ստուդիան»։

Իհարկե, հեշտ ճանապարհ չէր։ Եվգենիան խոստովանում է՝ առանց ամուսնու և ընդհանրապես ընտաքիքի աջակցության ոչինչ էլ չէր ստացվի․ հենց դա է օգնել հաղթահարել բոլոր վախերն ու կասկածները։ «Երբ ստուդիան նոր էր բացվել, երեք եխեխա էր հաճախում՝ մեկն իմ աղջիկն էր ու մտերիմի աղջիկները, բայց որոշումը հստակ էր՝ պետք է շարունակել։ Լուրերը նորաստեղծ ստուդիայի մասին շատ արագ տարածվեցին, երեխաների հոսքը սկսվեց»։

Հիմա սաների քանակը հասնում է շուրջ չորս տասնյակի։ «Մեզ մոտ շարժական գովազգը լավ է աշխատում, - ժպտում է մեր զրուցակիցը։ -Ծնողները տեսնում են լավ արդյունքը, մեկը մյուսին ասում, որ երեխաներն արդյունավետ են աշխատում, մասնակցում են ցուցահանդեսների․․․»։

Ի դեպ, ցուցահանդեսների մասին։

Առաջին ցուցահանդեսը եղել է Համահայկական մանկապատանեկան Մարտիրոս Սարյանին նվիրված 10-րդ միջազգային փառատոնը, որտեղ ստուդիայի սաները գրավեցին երկրորդ տեղը։

«Դրանից հետո իմ մեջ մի բան մշակեցի՝ նայելով այլ ստուդիաներին, դպրոցներին, հասկացա, որ հաշվետու ցուցահանդեսներն անիմաստ են՝ ծնողներն առանց այդ էլ ամեն օր իրենց երեխաների աշխատանքները տեսնում են, պետք է ավելի լայն մտածել։ Սկսեցի հետաքրքրվել միջազգային մրցույթ-փառատոններով։ Այդ հարցում մեզ օգնեց «Յունիվերս Արտը»՝ միջազգային մրցույթ-փառատոն էր, որին առաջին անգամ մասնակցեցինք 20 հոգով և գրավեցինք միանգամից առաջին, երկրորդ և երրորդ տեղերը», պատմում է Եվգենիան։ Երեխաների ոգևորությունը շատ մեծ էր։ «Յունիվերս Արտը» տարին երկու անգամ կազմակերպում է ցուցահանդեսներ և մենք անպայման մասնակցում ենք։ Վերջինի դեպքում այնպես ստացվեց, որ պետք ք Աթենք մեկնեինք, ինքը դեսպանն էր խոստացեց օժանդակել վիզաների հարցում․ երեխաներին սիրով սպասում էին և հուսով էին, որ բարձր տեղեր կգրավեն։ Այդպես էլ ստացվեց․ մենք հայտնվեցինք Աթենքում։ Ցուցահանդեսը տեղի ունեցավ Հունաստանի նկարիչների միությունում։ 100 աշխատանք տարանք այստեղից, բայց տարբեր դպրոցներից»։ Եվգենիան հպարտությամբ նշաում է՝ հույները արվեստասեր ազգ են, և նրանց անչափ դուր էին եկել հայ երեխաների աշխատանքները։ Անգամ մի քանի աշխատանք ուզում էին գնել»։

Ինչպե՞ս պատահեց, որ դպրոցում կերպարվեստը առաջնային դեր ունեցավ։ Մենք, 90-ականների սերունդը, լավ ենք հիշում տարիները, երբ ստեղծագործական առարկաները դպրոցում շատ հաճախ անտեսված էին՝ աշակերտներն է՛լ, ուսուցիչներն է՛լ այսպես ասած «պլան էին կատարում», բայց արդյունքում գիտելիքները պարզապես անցնում էին երեխաների կողքով, հետաքրքվածություն չկար։ Երաժշտությամբ կամ նկարչությամբ զբաղվել ցանկացողներին անգամ սաստում էին՝ դա եկամտաբեր չէ, օրվա հացի կարոտ ես մնալու։

«Հիմա արդեն եկել է այն փայլուն ժամանակը, երբ սկսել են գնահել արվեստը, որովհետև դպրոցներում արդեն առանձին «արվեստ» առարկան է ներդրվել՝ նոր չափորոշիչներով, և ես շատ ուրախ եմ դրա համար։ 8-րդ դասարանում արվեստ եմ դասավանդում, բավականին հետաքրքիր է երեխաներին՝ դա ոչ միայն մեր մշակույթն է, այլև համաշխարհային։ Ի դեպ, երբ Աթենքում էինք, հասցրեցինք հույներին զարմացնել․ ցուցահանդեսի թեման հենց հունական դիցաբանությունն էր, և տեղացիներին հիացրել էր այն փաստը, որ հայերը լավատեղյակ են հունական պատմությունից։ Բայց չէ՞ որ դա մեր դպրոցի ծրագրերում է ներառված, երեխաները փոքր տարիքից են անցնում»։

Եվգենիա Վարդանյանի հետ զրույցից հետո մի բան կարելի է հստակ ասել՝ Հայաստանում կա արվեստ, կան բանիմաց մանկավարժներ, որոնք նվիրված են երեխաներին կրթելու գործին՝ սովորեցնելով նրանց արվեստի միջոցով աշխարհի հետ հաղորդակցվել և այդպիսով աշխարհն ավելի լավը դարձնել։

Лента

Рекомендуем посмотреть